Ռոբերտ Քոչարյանը չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին. փաստաբան

23-03-2019 13:55:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտպաններին ասել է, որ չի ճանաչում գործարար Սիլվա Համբարձումյանին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
 
«Զրույց ունեցել է ինձ հետ անձամբ իմ պաշտպանյալը և ասել է, որ ընդհանրապես Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունով մարդ չի ճանաչել: Այդ կաշառքի դրվագի հետ կապված որևէ առնչություն չի ունեցել, որևէ տեղեկատվության չի տիրապետում»,- ասաց Ալումյանը:
 
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին, բացի սահմանադրական կարգը տապալելու դրվագից, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը: Գործարար Սիլվա Համբարձումյանը ասել էր, որ Քոչարյանին կաշառք էր տվել: Այնուհետև նա ավելի ուշ սրբագրել էր իրեն, որ ոչ թե Քոչարյանին է տվել կաշառքը, այլ գործարար Սամվել Մայրապետյանին, որպեսզի նա փոխանցեր Քոչարյանին: Բայց տեղյակ չէ՝ այս գումարը Քոչարյանին հասել է, թե ոչ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օրերս կայացած նիստում որոշել էր, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով:
 
«Ինքը էլի տարբեր բաներ է ասել, բայց ոչ մի անգամ չի ասել, որ պարոն Քոչարյանին է այդ գումարը փոխանցել: Ձեզ համար դա պետք է ինչ-որ բան նշանակի: Անգամ այն դատարանը, որը պարոն Քոչարյանի կալանավորումը երկարացրեց, անգամ այդ պայմաններում տեսավ, որ ամենանվազագույն շեմը հաղթահարող ապացույց չկա Սիլվա Համբարձումյանի դրվագով»,- ասաց Հայկ Ալումյանը:
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media