Եվրասիական անակնկալ Գագիկ Ծառուկյանին. հին հակառակորդները չեն դավաճանում

18-05-2019 16:48:28   | Հայաստան  |  Վերլուծություն
Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Մոսկվայում ԵՏՄ հանձնաժողովում այդ կառույցի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որը վերաբերել է ցեմենտի ԵՏՄ միասնական շուկա ձեւավորելու հարցին: Քննարկման նպատակը ԵՏՄ արտադրողների համար գործունեության առավել նպաստավոր հեռանկար ապահովելն է:
 
Ցեմենտի արտադրության թեման մի քանի շաբաթ առաջ արդիական էր Հայաստանի ներքին տնտեսական եւ քաղաքական կյանքում: Ցեմենտի արտադրողին պաշտպանելու կառավարության նախաձեռնությունը դժգոհություն էր առաջացրել Հայաստանում ցեմենտի խոշոր արտադրող, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակցության շրջանում: Դժգոհության պատճառն այն էր, որ ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացումը բավարար չէ ներքին արտադրողի մրցունակություն ապահովելու համար, քանի որ պետք է թանկացնել նաեւ ցեմենտի ներկրվող հումքը՝ կլինկերը:
 
Կառավարության նախաձեռնությունը խորհրդարանն ընդունեց, վերապահումով, որ ժամանակի ընթացքում առավել հանգամանալից ուսումնասիրեն հարցն ու կհետեւեն ներկայիս կարգավորման էֆեկտին, չապավինելով միայն խոշոր արտադրողներից մեկի պահանջներին:
 
Ցեմենտի քննարկումները Հայաստանում խթանեցին ոչ միայն ներքաղաքական բավականին սուր բանավեճ, այլ նաեւ շղթայական ռեակցիա ունեցան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մանդատի վերաբերյալ իրավական հարցադրումների առումով: Քննարկումների ընթացքում ելույթներում եւ հարցազրույցներում նա արեց արտահայտություններ, որոնք գնահատվեցին իբրեւ ուղիղ ձեռնարկատիրության վկայություն, ինչը համատեղելի չէ մանդատի հետ եւ անգամ կարող է լինել քրեորեն հետապնդելի: Ծառուկյանի հարցը հասավ ընդհուպ ՀՔԾ, որը սակայն օրեր անց եզրակացրեց, որ քրեական խնդիր այդ գործում չկա: Իսկ կա՞ էթիկայի խնդիր: Դրա պատասխանը պետք է տա կառավարող մեծամասնությունը: Հարցը, ինչպես ցեմենտինը, դեռ ամբողջապես փակված չէ:
 
Ահա այդ ֆոնին Գագիկ Ծառուկյանը կարծես թե ստանում է եվրասիական անակնկալ, որպես ցեմենտ արտադրող: Իհարկե մասնագիտական գնահատական է պետք՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումը Ծառուկյանի համար հաճելի՞, թե՞ տհաճ անակնկալ է: Օրինակ, Եվրասիական միասնական էներգետիկ շուկայի հարցը տհաճ է Ռուսաստանի համար: Իսկ միասնական ցեմենտի շուկան ԲՀԿ նախագահ Ծառուկյանի համար հաճելի՞ է, թե՞ ոչ, որովհետեւ ցեմենտ արտադրողներ կան նաեւ Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում:
 
Արդյո՞ք Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումները համաձայնեցված են Հայաստանի հետ, որի ներկայացուցիչն է Սարգսյանը ԵՏՄ-ում՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնում:
 
Այստեղ իրավիճակի հետաքրքիր հանգամանքներից մեկն այն է, որ Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Սարգսյանը հին հակառակորդներ են: Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն նախկին իշխող համակարգում իր ընդդիմադիր դերը խաղում էր գերազանցապես Տիգրան Սարգսյանի վրա, նրան ենթարկելով սուր քննադատության: Ի վերջո, Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացրեց ԲՀԿ գլխավորությամբ ոչիշխանական բեւեռի վերջնագրից հետո, երբ բեւեռը 2014-ի գարնանամուտին հայտարարեց վարչապետի պաշտոնանկության պահանջով ապրիլի վերջին շուրջօրյա հանրահավաքներ նախաձեռնելու մասին: Մինչ կգար ապրիլի վերջը, Սերժ Սարգսյանը վերջ տվեց Տիգրան Սարգսյանի վարչապետությանը, պաշտոնանկ անելով նրան եւ օրեր անց վարչապետի պաշտոնում նշանակելով Գագիկ Ծառուկյանի խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media