«Էպոսի օր» փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը

30-11--0001 00:00   | Արագածոտնի մարզ  |  Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը՝ 2011 թվականից կազմակերպում է «Սասնա ծռեր» էպոսի հանրահռչակմանը միտված «Էպոսի օր» հանրապետական փառատոնը, որն իրենից ներկայացնում է համալիր միջոցառումներ: Փառատոնի ամփոփումն ավանդաբար կազմակերպվում է յուրաքանչյուր հոկտեմբեր ամսի առաջին շաբաթ օրը, Արագածոտնի մարզի որևէ համայնքում: Նախորդ տարիներին «Ապրենք էպոսով» կարգախոսով փառատոնը անցկացվել է մարզի Ուջան, Իրինդ, Ներքին Բազմաբերդ համայնքներում: Այս տարի այն կիրականացվի հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 12:00-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի մշակույթի տանը:
2014 թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում, հանրակրթական դպրոցներում և մի քանի տասնյակ մշակութային ու մարզական հաստատություններում անցկացվել են էպիկական ժառանգության պահպանության ու հանրահռչակման միջոցառումներ` դասախոսություններ և ընթերցումներ, գեղարվեստի ցուցադրություններ, ազգային երգի ու պարի համույթների ելույթներ:
«Էպոսի օր» փառատոնի նպատակն է հայկական բանահյուսական ժառանգության գլուխգործոց հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսի պահպանումը, դրանում ամփոփված արժեհամակարգին երիտասարդությանը հաղորդակից դարձնելը, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտի ամրապնդումը:
Հիշեցնում ենք, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցան-կում:
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media