Միջազգային համբավ վայելող երկու երաժիշտ՝ մի բեմում

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Համերգ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ երկու երաժշտի՝ Սուրեն Բագրատունուն (թավջութակ, ԱՄՆ) և դիրիժոր Հիրոֆումի Յոշիդային (Ճապոնիա)։
 
Սուրեն Բագրատունին աշխարհում ամենահայտնի թավջութակահարներից մեկն է։ Հանդես է գալիս որպես մենակատար և կամերային երաժիշտ՝ ներկայանալով Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։ 30 տարուց ավելի Սուրեն Բագրատունու անունը կապված է թավջութակի կատարողական արվեստում ամենալուրջ նվաճումների հետ։ Սուրեն Բագրատունին նաև հայտնի մանկավարժ է, նա Միչիգանի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր է, ով վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում։ Nobilis տրիոյի անդամ է, Cello Plus ամենամյա փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
 
Հիրոֆումի Յոշիդան իր սերնդի առաջատար դիրիժորներից մեկն է, ում հաճախ անդրադառնում են համաշխարհային լրատվամիջոցները։ 1996-ի օգոստոսին նա հաղթող է ճանաչվել իտալական Վալսոլդա քաղաքում տեղի ունեցած Դիրիժորների 19-րդ միջազգային մրցույթում։ 2002-ին Gotoh Memorial մշակութային մրցանակի «Օպերային արվեստ» անվանակարգում մաեստրոն արժանացել է «Ամենախոստումնալից երիտասարդ տաղանդ» կոչմանը (պատմության մեջ առաջին դիրիժորն է, ով արժանացել է այս տիտղոսին), ունի բազմաթիվ այլ նվաճումներ։ Մաեստրո Յոշիդան ղեկավարել է այնպիսի նվագախմբեր, ինչպիսիք են Տրանսիլվանիայի սիմֆոնիկ նվագախումբը, Բուդապեշտի համերգային նվագախումբը, Հռոմի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վերդիի թատրոնի նվագախումբը, Կահիրեի օպերային թատրոնը, Սիցիլիայի Մասիմո թատրոնը, Բոլոնիայի օպերային թատրոնը և այլն։
 
Խաչատրյանական փառատոնի հոկտեմբերի 17-ի համերգին Հիրոֆումի Յոշիդայի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը «Իմ հայրենիքը» շարքից, Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտ սի մինոր, մենակատար՝ Սուրեն Բագրատունի, ինչպես նաև՝ Անտոնին Դվորժակի Սիմֆոնիա թիվ 9 «Նոր աշխարհից»։ 
 
Երեկոն նվիրվում է անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին։
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media