Գիտաժողով՝ նվիրված «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը

30-11--0001 00:00   | Հայաստան  |  Գիտաժողով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 9:30-ին,  Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային գիտաժողով:
 
Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն-2020» ծրագիրը և ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորությունները, որոնք կնպաստեն հետազոտությունների, նորարարության և միջազգային համագործակցության խթանմանը:
 
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին,  ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, INCO NET EaP նախագծի գիտական համակարգող Ջորջ Բոնասը:
 
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված թրեյնինգ-սեմինար, որտեղ կներկայացվի ծրագրի մասնակցության հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն:
 
2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի կողմից:
 
«Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրը նախատեսված է 2014-2020թթ. համար: Ծրագրի ընդհանուր  բյուջեն 70 միլիարդ եվրո է: Ծրագիրը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիք է: Ասոցացված երկրի կարգավիճակը Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին, փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ գիտնականներին  հնարավորություն կտա լիարժեքորեն օգտվել ծրագրի բոլոր հնարավորություններից ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս 16 երկրների կազմակերպությունների համար նախատեսված պայմաններով: 
 
Միջոցառումը կազմակերպվում է  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ ԵՄ 7-րդ Շրջանակային ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար» (FP7 INCO NET EaP Project) նախագծի շրջանակներում, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից







Բոլոր երկրները |



Developed by IT Media