Հայաստանը դար է շրջում. Թուրքիան գնում է «սառը ջիհադի»

04-07-2020 13:28:32   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց է դուրս ԱՄՆ սահմանից ու շրջանակից եւ ունի համաշխարհային նշանակութուն՝ որպես ժողովուրդների անկախության համար պայքարի խորհրդանիշ: Միաժամանակ նա նշում է, որ Հայաստանը հետհեղափոխական շրջանում փորձում է առաջ շարժվել ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով, պայքարելով ժողովրդավարության, օրենքի գերակայության համար, առաջնային տեղում դնելով կոռուպցիայի դեմ պայքարը:
 
Այդպիսով, գործնականում Փաշինյանն ակնարկում է այն մասին, որ Հայաստանն ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհը դիտարկում է անկախության ճանապարհ: Խոշոր հաշվով, այդ հանգամանքն առնվազն հրապարակային մակարդակում ընդունում էր նաեւ Հայաստանի նախորդ ղեկավարությունը: Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կոռուպցիան Հայաստանում դարձել է ազգային անվտանգության սպառնալիք:
 
Խնդիրը այստեղ իհարկե խոսքից գործ դաշտում է եւ Հայաստանի նոր կառավարությունն այդ իմաստով ակնհայտորեն ձեռնամուխ է եղել գործի, չեզոքացնելով կոռուպցիայի համակարգային, բրգաձեւ դրսեւորումը: Նիկոլ Փաշինյանն այդ գործում փաստացի աջակցություն է ակնկալում ԱՄՆ-ից:
 
Դա տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերության տիրույթում առկա խնդիրների պայմաններում: Մյուս կողմից, այդ հանգամանքը հնարավոր է բնորոշել ոչ այնքան խնդիր հասկացությամբ, որքան տրանսֆորմացիա՝ դրանից բխող անխուսափելի հակասություններով եւ հակոտնյա դիրքավորումներով, որովհետեւ փոխվում է ոչ միայն տարիների, այլ գործնականում դարի ընթացքում ձեւավորված հարաբերություն, մտածողություն, աշխարհընկալում:
 
Այստեղ էլ հատկանշական է այն, որ Փաշինյանը Թրամփին ուղղված նամակում հիշատակում է Առաջին հանրապետության եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական հարաբերության հաստատման հարյուրամյակը, որ լրանում է 2020 թվականին: Դա բազմիմաստ հիշատակում է, քանի որ այդ համատեքստում է նաեւ Վիլսոնյան Իրավարար վճռի 100-ամյակը: Իսկ 2021 թվականին այլ հարյուրամյակ է, ավելի շուտ տարելից՝ անկախ Հայաստանի տրամաբանությունը մերժող ռուս-թուրքական պայմանագրերի 100-րդ տարելիցը:
 
Այդ իմաստով, ներկայում ռեգիոնում Հայաստանը դար է շրջում՝ ռուս-թուրքական պայմանագրերի դարը: ԱՄՆ անկախության տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը Թրամփին հայտնում է այդ մասին, ինչը մի կողմից աջակցության հայց է, մյուս կողմից՝ ներգրավվելու առաջարկ:
 
Դա այն ֆոնին, երբ Թուրքիան դառնում է բավական ագրեսիվ, քաղաքակրթության դեմ դուրս գալով «սառը ջիհադի»: Այդ համատեքստում խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը կարող է դարձյալ «միանալ»՝ ինչպես մեկ դար առաջ: Խնդիրն այլեւս Ռուսաստանի միանալ-չմիանալը չէ, այլ այն, որ Թուրքիան արդեն Ռուսաստանի ներսում է, եւ Էրդողանի այդ մասին բաց հայտարարությանը՝ որ կքանդեն ներսից 25 միլիոն մահմեդականներով, Մոսկվան չուներ պատասխան:
 
Այդ իմաստով, դարը շրջելու Հայաստանի ջանքը կենսական է նաեւ ռուսական պետականության համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media