Ռուսաստա՞նը կկորցնի, թե Լուկաշենկոն. Հայաստանից վերցնելու փորձը

05-08-2020 18:14:13   | Հայաստան  |  Վերլուծություն
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը Ուկրաինային կհանձնի իր տարածքում ձերբակալված ռուսաստանյան «վագներականներին», որոնք կարող են մասնակցություն ունեցած լինել Դոնբասում ահաբեկությունների: Լուկաշենկոն հայտարարել է, թե կգործի ռուս-ուկրաինական միջազգային համաձայնությունների շրջանակում:
 
Բելառուսի նախագահը առաջիկա օրերին սպասվող նախագահի ընտրությունից առաջ սկսել է բավական վտանգավոր երկակի խաղ՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ուղղությամբ: Բելառուսում սպասվում է ինտրիգային նախագահի ընտրություն: Լուկաշենկոն հայտարարեց, թե «վագներականները» Ռուսաստանից եկել էին Մինսկում հեղափոխություն եւ ապակայունություն հրահրելու համար: Ստացվում է, որ Ռուսաստանը աջակցում է Բելառուսի ընդդիմադիր թեկնածու կանանց, որոնք հավաքում են բազմահազարանոց հանրահավաքներ:
 
Թե՞ Ռուսաստանը «վագներականներին» ուղարկել է ոչ թե ընդդիմադիրներին աջակցելու, այլ Լուկաշենկոյին վերահսկելու համար: Լուկաշենկոն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը, նաեւ իրենց հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Արեւմուտքն ու Չինաստանը:
 
Կորցնելուց վախենում է Ռուսաստա՞նը, թե՞ Լուկաշենկոն: Հնարավոր է երկուսն էլ, ամեն մեկը յուրովի: Խնդիրն ըստ ամենայնի հաջորդականության դաշտում է: Որեւէ մեկն ըստ ամենայնի պետք է կորցնի, ինչի մասին է վկայում նաեւ «վագներականների» ձերբակալությունը, որին Բելառուսի նախագահն ըստ ամենայնի գնացել է որոշակի երաշխիքով: Հարցն այն է, որ մեկի կորցնելու դեպքում մյուսի համար առաջանալու է պայմանավորվելու ժամանակային տարածություն՝ Արեւմուտքի կամ Չինաստանի հետ, դա արդեն կորոշվի ընթացքում:
 
Եթե կորցնի Լուկաշենկոն, ապա ժամանակ կշահի Պուտինը, եթե կորցնի Ռուսաստանը, ապա ժամանակ կշահի Լուկաշենկոն: Աներկբա է մի բան, որ պայմանավորվելու հնարավորություն ունի մեկը, ավելիի «քվոտա» հետխորհրդային տարածքում այլեւս չի մնացել:
 
Այդ համատեքստում, ի դեպ, հետաքրքիր է իրավիճակը, որ ձեւավորվեց Հայաստանի շուրջ՝ Տավուշի համատեքստում, եւ հակադարձ տրամաբանությամբ տեղափոխվում է Հայաստանի ներքաղաքական դաշտ, քաղաքական իշխանության ուղղությամբ ներքին ճնշումները ուժգնացնելու մի քանի կետային թիրախների տեսքով:
 
Բանն այն է, որ Տավուշում Հայաստանը գործնականում տեւական, առնվազն միջնաժամկետ կտրվածքով հանեց իր պայմանավորվելու խնդիրը եւ փաստացի դրեց իր հետ պայմանավորվելու խնդիրներ: Ներքին զարգացումներում սակայն նկատելիորեն գեներացվում է մթնոլորտ, երբ Հայաստանի իշխանության համար այդուհանդերձ կարող է սրվել հարկադրված պայմանավորվածության անհրաժեշտության հարցը, այդպիսով Երեւանից վերցնելով այդ անհրաժեշտությունից առնվազն միջնաժամկետ ազատությունը, ռուս-բելառուսական տիրույթում Արեւմուտքի եւ Չինաստանի հետ աշխարհակարգային պայմանավորվածության հնարավորության մեկ «քվոտան» Հայաստանի հաշվին դարձնելով երկու:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Լragir.am

 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media