Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը



05-08-2020 18:48:34   | Հայաստան  |  Իրավունք
 Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։
 
«Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։  ՔՈԳ, Լոռու մարզային վարչությունների և Գուգարքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։
 
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում, օգոստոսի 4-ին, ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին:
 
Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:
 
Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
 
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media