ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը քննարկել են Բելառուսն ու Ղարաբաղը

18-09-2020 11:45:39   | Հայաստան  |  Վերլուծություն
Սեպտեմբերի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի եւ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են իրավիճակը Բելառուսում եւ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հարցեր, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
 
Բելառուսի եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակում ի՞նչը կարող էր առաջացնել երկու համաշխարհային կենտրոնների հետաքրքրությունը: Բելառուսի զարգացումներում առայժմ աշխարհքաղաքական պահանջներ չեն հնչում, բայց փորձագետները նշում են, որ Բելառուսում ուժգնանում է ձգտումը եվրոպական ժողովուրդների ընտանիք, հատկապես այն բանից հետո, երբ Կրեմլը իշխանության պահեց Լուկաշենկոյին:
 
Ի՞նչը կարող էր կապել Բելառուսի հարցը Ղարաբաղին: Արցախը 1994 թվականից նվաճել ու պաշտպանել է ինքնորոշման ու Հայաստանի հետ վերամիավորման իր իրավունքը: Հայաստանը կտրականապես հրաժարվում է վերադառնալ նախկին իրողություններին: Դա հասկացել են Անկարայում ու սկսել են կլանել Ադրբեջանը:
 
Աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք կոտրում են նախկինում անհաղթահարելի թվացող խոչընդոտները:
 
Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնել է մի շարք կարեւոր համաձայնագրերի ստորագրում: Օրերս Իսրայելի հետ համաձայնագրեր են ստորագրել ԱՄԷ-ն ու Բահրեյնը: Փաստաթղթերն արդեն հռչակվել են պատմական, քանի որ կարող են պաղեստինա-իսրայելական հաշտության հարթակ դառնալ:
 
Բացի այդ, ԱՄՆ հովանու ներքո Սերբիան ու Կոսովոն տնտեսական համաձայնագիր են ստորագրել, որը հարուցել է Ռուսաստանի ԱԳՆ կոշտ արձագանքը: Դոհայում էլ ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի են հասել Աֆղանստանի կառավարությունն ու Թալիբանը:
 
ԱՄՆ ակտիվությունը հասնում է նոր տարածաշրջանների, եւ դատելով Ռուդենկոյի ու Սալիվանի բանակցություններից, խոսքը Բելառուսի ու Կովկասի մասին է: Ղարաբաղի հակամարտությունը դրել է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ դրա սահմաններից դուրս ապագա վերափոխումների մատրիցան, մասնավորապես՝ իրողությունները ճանաչելու ներկայիս միջազգային տրենդը: Հիմա այն «վերադառնում է» Ղարաբաղ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media