Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում

25-09-2020 13:55:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անց է կացվել 780 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, կառուցվել է 7 թեքահարթակ, հիմնանորոգվել են այգիներ և կառուցվել է ճեմուղի:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը խոսեց կատարված աշխատանքների, առաջիկայում նախատեսվող բաեփոխումների ու այլ ծրագրերի մասին:
 
«Տարվա կտրվածքով նախատեսել էինք բազմաթիվ աշխատանքներ, և գրեթե բոլորը հասցրել ենք իրականացնել, մնացածն էլ հույս ունենք մինչև տարեվերջ ավարտել: Այս տարի արդեն հիմնանորոգել ենք Մարգարյան փողոցի հարակից այգին, այն ամբողջությամբ սալիկապատվել է, արտաքին լուսավորությունը, նստարաններն ու աղամաններն այժմ փոխարինման փուլում են: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ այգում ստեղծել ենք գեղեցիկ կանաչ գոտի: Նազարբեկյան թաղամասում հիմնանորոգում ենք մի ճեմուղի, որտեղ նախկինում ուղղակի ծառեր էին տնկած, և զբոսնելու հնարավորություն չկար: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շուտով Աջափնյակում կունենանք ավելի քան 500 մ երկարություն ունեցող ճեմուղի»,- նշեց Թադևոսյանը:
 
Նրա խոսքով՝ վարչական շրջանի 6 հասցեի բակային տարածքներում ընթանում են հիմնանորոգումներ: 55-56 բակային տարածքում արդեն իսկ կատարվել են ընթացիկ վերանորոգումներ. կոտրված կարուսելների, զրուցարանների փոխարինում, ներկման աշխատանքներ, խաղադաշտերի կառուցում:
 
«Այս տարի մեծ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ են տարվել Սիլիկյան թաղամասում: Ասֆալտապատվել են մի շարք բակային տարածքներ, կատարվել են նաև կենտրոնական փողոցների փոսալցումներ: Մեծ ծրագիր ենք իրականացրել շենքերի տանիքների հետ կապված: Ընդհանուր առմամբ 13 թեք տանիքի և 15 հարթ տանիքի  ծածկերն ամբողջությամբ փոխարինվել են»,- ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:
 
Անդրադառնալով վերելակների փոխարինման հարցին՝ Թադևոսյանը շեշտեց, որ 38 հասցեից 7-ում աշխատաքներ են տարվում, 21 վերելակ արդեն փոխարինվել է: Վարչական շրջանում մեծ աշխատանքներ են տարվել նաև մայթերի վերանորոգման առումով՝ Սիլիկյան թաղամասի հին խճուղու սկզբնամասում, Մարգարյան 2-րդ նրբանցքում, Աբելյան փողոցում: 2020 թվականին փոխարինվել է 3 500-ից ավելի եզրաքար: Աջափնյակում հիմանորոգվել է 1 մանկապարտեզ, 2-ի հիմանորոգումը կմեկնարկի շուտով:
 
Բոլոր ծրագրերն իրականացվել են համայնքային բյուջեով, ծախսվել է 500-600 մլն դրամ:
 
Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media