Էրդողանին բաց են թողել Ռուսաստանի վրա

14-10-2020 16:13:59   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանցի լրագրողների հարցին ի պատասխան, թե Ռուսաստանն ինչպես է դիրքավորվելու Էրդողանի կայսերական աճող հավակնությունների հանդեպ, որ ձեւավորվում է մի շարք ուղղություններով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Միացյալ Նահանգներին:
 
Նա ասել է, թե ուշադրության է արժանի, որ թուրքական աշխուժության բոլոր ուղղություններում եւ ռեգիոններում ոչ պակաս կամ ավելի աշխույժ են երկրներ, որոնք տասնյակ հազարավոր մղոններ հեռու են այդ ռեգիոններից: Լավրովի խոսքով, այդ ուղղություններում ԱՄՆ-ն եւս շատ աշխույժ է:
 
Այդպիսով, նկատելի է, որ ՌԴ արտգործնախարարը Էրդողանի կայսերական աշխուժության եւ ագրեսիվության «հովանավոր» է դիտարկում Նահանգներին, այն համատեքստում, թե նրանք են մղում Էրդողանին:
 
Լավրովն այդպիսով փորձում է արդարացնել Թուրքիայի կայսերական ագրեսիվության հանդեպ Ռուսաստանի լոյալությունը: Միեւնույն ժամանակ, այստեղ իհարկե խնդիրը զուտ արդարացումը չէ, եւ կա ճշմարտության որոշակի հանգամանք, ինչը սակայն պայմանավորված է շատ ավելի խորքային իրողություններով:
 
Բանն այն է, որ «կայսերապաշտ Էրդողանին» ԱՄՆ-ն թերեւս սկսեց ձեւավորել ի հակակշիռ ոչ պակաս կայսերապաշտ Պուտինի, 2007 թվականի նրա մյունխենյան ելույթից հետո: Պուտինն այդ ելույթում ազդարարում էր Արեւմուտքի հետ կոշտ դիմակայության հեռանկարը:
 
«Կայսերապաշտ Էրդողանը» այն էր, ինչ «դեմ տրվեց» ՌԴ նախագահի կայսերական հավակնությանը: Բանն այն է, որ երկու այդ հավակնությունները չեն կարող գոյություն ունենալ միմյանց զուգահեռ: Դրանք հանդիպակաց են:
 
Միեւնույն ժամանակ, Էրդողանի թելերն անշուշտ Նահանգներում են, որտեղ կքաշեն դրանք շատ արագ՝ հարկ եղած դեպքում: Ամբողջ հարցն այն է, որ դրա համար հարկ է լինելու ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական վերանայում: Մոսկվան փորձում է հնարավորինս ձգել այն, ակնկալելով, թե կարող է պայմանավորվել Էրդողանի հետ եւ շրջել նրան Արեւմուտքի դեմ: Այդ տրամաբանությամբ, ի դեպ, տեղի ունեցավ C 400-ի վաճառքի սկզբունքային գործարքը:
 
Սակայն, Էրդողանը դեռեւս չի «շրջվել», փոխարենն արդեն հատում է Ռուսաստանի համար առանցքային նշանակության կարմիր գծեր Կովկասում: Մոսկվան դեռ հուսով է, որ հնարավոր է պայմանավորվել ու շրջե՞լ Էրդողանին, թե՞ ավելի իրատեսական է ԱՄՆ հետ նրա թելերը քաշելու շուրջ պայմանավորվելը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media