ՌԴ ամերիկյան առերեսումն ու թուրքական առաջարկը. Պուտինի ընտրությունը

15-10-2020 16:14:27   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել է Վոլգոգրադում ահաբեկչական խմբավորում բացահայտելու մասին, որն ըստ տեղեկության կառավարվել է Սիրիայի ահաբեկչական կենտրոններից եւ ծրագրել ահաբեկչական ակտեր Ռուսաստանում: Ըստ տեղեկության, խմբի տարբեր անդամներ են ձերբակալվել նաեւ ՌԴ այլ քաղաքներում:
 
Հայտնի է նաեւ, որ հոկտեմբերի 13-ին Սիրիայից ներթափանցած ահաբեկիչների մասին հայտնել էր նաեւ Չեչնիայի ղեկավար Կադիրովը: Նրանց չեզոքացնելու ընթացքում զոհվել էր երկու ռոսգվարդիական:
 
Ռուսաստանում ահաբեկչական վտանգի բռնկումն ու հակաահաբեկչական գործողությունը տեղի է ունենում Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմին զուգահեռ, որին Անկարան ներգրավել է գրոհայիններ Սիրիայից, Լիբիայից:
 
Նախօրեին տեղի է ունեցել Էրդողանի զրույցը Պուտինի հետ, թուրքական կողմի նախաձեռնությամբ: Պուտինը խիստ մտահոգություն է հայտնել ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչպես հայտնում է Կրեմլը: Ի՞նչ է ասել Էրդողանը, պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ինչու՞ մտահոգությամբ հանդերձ, Ռուսաստանը օրինակ չի դնում ահաբեկիչներին հեռացնելու պահանջ: Չի դնում, որովհետեւ վստա՞հ չէ, որ Թուրքիան կկատարի դա: Թե՞ ահաբեկիչները Ռուսաստանի համար ունեն «պատից կախված հրացանի» դեր, երբ այն հաջորդ որեւէ արարում անպայման կրակելու է: Առավել եւս, որ դրա մասին արդեն իսկ ակնարկել է ՌԴ Գլխավոր դատախազը, օրեր առաջ նշելով, թե ահաբեկիչների տեղակայումը կարող է հիմք տալ հակաահաբեկչական գործողության համար:
 
Թե Մոսկվան ակնկալում է ինչ որ պայմանավորվածության գալ Էրդողանի հետ: Մասնավորապես, փորձագիտական շրջանակներում խոսակցություններ կան Ղարաբաղում պատերազմի գոտում հրադադարի ռուս-թուրքական համատեղ վերահսկման թուրքական առաջարկի մասին: Փորձը ցույց է տվել, որ ամեն այդպիսի պայմանավորվածության հաջորդ քայլը լինում է Էրդողանի նոր շանտաժը: Մի՞թե ռուսական քաղաքականությունը հասել է այդօրինակ հանգրվանի:
 
Ներկայում կա՞ զուգահեռ «գիծ»՝ քննարկումներ ռուս-ամերիկյան տիրույթում: Համենայն դեպս, Էրդողանը Պուտինին զանգել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության մասին եւ կոչ արել դադարեցնել այն: Պոմպեոն նշել է նաեւ, որ ավելի վաղ իրավիճակի առնչությամբ զրուցել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ:
 
Պոմպեոն արել է նաեւ եւս մի էական հայտարարություն: Նա նշել է, որ ակնկալում են Ռուսաստանի հետ բարեհաջող ավարտել ռազմավարական զսպման վերաբերյալ բանակցությունը եւ ռազմավարական սպառազինության կրճատման վերաբերյալ համաձայնագրի կնքումը: ԱՄՆ-ն Թուրքիային զսպելու դիմաց Մոսկվայից ակնկալում է ռազմավարական զսպման սպառազինության հարցում արդյունավետ համաձայնությու՞ն:
 
ՌԴ փոխարտգործնախարար Րյաբկովը նախօրեին հայտարարել էր, որ Արցախի հարցում Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ առերես քննարկման: Կասկածից վեր է, որ թուրքական շանտաժին վերստին չառերեսվելու համար ՌԴ ունի թերեւս մեկ ճանապարհ՝ առանց կայսերական ավելորդ բարդույթների առերես երկխոսություն Վաշինգտոնի հետ, հակառակ դեպքում ընդհուպ սեփական տարածքում Էրդողանի կայսերական բարդույթներին չառերեսվելու համար:
 
Իսկ այն, որ այդ առերեսումը սկսել է ոչ միայն Կովկասում, այլ հենց ռուսական քաղաքներում, փաստորեն հաստատում է ՌԴ ԱԴ ծառայությունը: Նախորդ տարի դեկտեմբերին ՌԴ նախագահը շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ՌԴ հատուկ ծառայություններին իրազեկել էին Նոր Տարվա օրերին Սանկտ-Պետերբուրգում սպասվող ահաբեկությունների վտանգի մասին: Դա թույլ էր տվել կանխարգելել դրանք:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media