Եվրոպայի անպատվության օրեր Ադրբեջանում. էլիտաների թշվառությունը

19-10-2020 16:52:01   | Հայաստան  |  Վերլուծություն
Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ նախկին պետություն է: Ոչ թե նախկին անդամ, այլ նախկին պետություն, որովհետեւ ներկայում այդպիսի պետություն չկա: Այդ պետությունը ներկայում Թուրքիայի կայսերական քաղաքականության «ահաբեկչական ճամբար» է: Այլ կերպ ասած, Եվրոպայի Խորհրդի անդամ է ահաբեկչական ճամբարը: Սա արտառոց երեւույթ է:
 
Եվրոպական քաղաքականությունն այդպիսով «նվաճում» է բացառիկ «հորիզոններ»՝ ահաբեկչական միավորումների հետ բացահայտ գործընկերություն: Եթե Եվրոպան համաձայն չէ այն տեղեկություններին, որոնց մասին խոսում է օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, թե Արցախի դեմ պատերազմի են նետվել ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից, ապա եվրոպական որեւէ պաշտոնյա պետք է հայտնի այդ անհամաձայնությունը, նշի, որ չկան ահաբեկիչներ:
 
Այլապես ստացվում է, որ չկա, գոյություն չունի Եվրոպայի Խորհուրդ կամ Եվրոպական միություն, որովհետեւ այդ կառույցները չունեն միջազգային ահաբեկության հետ շփման, հաղորդակցության որեւէ լեգիտիմ ձեւաչափ ենթադրող իրավաքաղաքական դրույթ: Մինչդեռ, հայկական կողմը, նաեւ միջազգային հեղինակավոր մամուլը ներկայացրել է ահաբեկիչների ներգրավվածության եւ ադրբեջանական պաշտոնական հանդերձանքով պատերազմին մասնակցության ծանրակշիռ վկայություններ:
 
Հետեւաբար, Ադրբեջանի հարցի քննարկումն ու համապատասխան որոշումների կայացումը Եվրոպայի համար թե իրավա-քաղաքական իդենտիֆիկացիայի, թե բարոյականության հարց է: Հարց, որն այսօր սպասում է պատասխանի:
 
Այլ կերպ ասած, Կովկասում՝ Եվրոպայի Խորհրդի ու ԵՄ գործընկերության պաշտոնական տարածքում Անկարայի սանձազերծած ահաբեկչական պատերազմը սպանում է Եվրոպան արժեհամակարգային իմաստով: Դա Էրդողանի ռազմավարական նպատակն է, որովհետեւ Եվրոպայի առավելությունը Թուրքիայի նկատմամբ գործնականում մնացել էր դա, կամ գուցե դեռ մնացել է դա, որը Անկարան ներկայում փորձում է վերացնել:
 
Դրան դիմադրում են լոկ առանձին եվրոպական միավորներ, ինչը անշուշտ բացարձակ բավարար չէ հաջողության համար:
 
Ընդ որում, դրան զուգահեռ ակնառու է մի իրողություն, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող եվրոպացիներ, հանրային տարբեր խմբեր բարձրացնում են իրենց ձայնն ու հայտնում քաղաքակրթական աջակցությունը հայ ժողովրդին, դրանով առավել եւս ի ցույց դնելով եվրոպական հանրության կողքին եվրոպական կառավարող էլիտաների գերակշռող մասի մեղմ ասած քաղաքական անմեղսունակությունն եւ ու արժանապատվության բացակայությունը:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media