Արցախի ճանաչման առաջին նախնական ակտը

20-10-2020 15:12:21   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Հայաստանի արտգործնախարարի, Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երի հետ մասնակցել է Երեւանում տեղի ունեցած հավաքին, որին ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մասիս Մայիլյանը այդ հանդիպմանը դեսպաններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին է հայտնել պատերազմական իրավիճակում Արցախի դիրքորոշումը, Արցախի ճանաչման անհրաժեշտությունը որպես պատերազմի դադարեցման եւ անվտանգության առանցքային գրավական, խոսել միջազգային հանրության չեզոքության վտանգավորության մասին:
 
Երեւանում տեղի ունեցած հանդիպումը բավական հետաքրքիր է նախ որպես փաստ: Գործնականում, այն իր տողատակում կարող է դիտարկվել իբրեւ Արցախի ճանաչման յուրօրինակ ակտ, երբ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները մեկ սեղանի շուրջ են եւ լսում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:
 
Իհարկե դա խիստ պայմանականորեն է հնարավոր գնահատել իբրեւ ճանաչման ակտ, սակայն տվյալ պարագայում խոսքը համատեքստի մասին է, այն մասին, որ միջազգային հանրությունն առնվազն պատրաստակամ է դիտարկել օրակարգային այդ հարցը, որպես անվտանգային լուծում:
 
Ընդ որում, գուցե տարօրինակ հնչի, սակայն այդ առումով միջազգային հանրությանը դա «փաստարկել» են Անկարան եւ դրա պատերազմի գործիք դարձած Բաքուն: Ավելին, ճանաչումն այդ իմաստով ոչ միայն լոկ Արցախի ժողովրդի, հայկական պետականության անվտանգության հարց է, այլեւ միջազգային անվտանգության:
 
Գործնականում, ինչ է անում Թուրքիան Կովկասում հրահրված պատերազմով: Թուրքիայի արածն այլ բան չէ, քան միջազգային անվտանգային համակարգերի ոտնահարում: Անկարան իր քաղաքականությամբ, ընդ որում ոչ միայն կովկասյան ուղղությամբ, փաստացի հայտարարում է, որ չի ճանաչում միջազգային անվտանգային համակարգը:
 
Հետեւաբար, թուրքական թիրախի վերածված Արցախի միջազգային ճանաչումը դառնում է միջազգային անվտանգության համակարգի պաշտպանության առանցքային անհրաժեշտություն: Որովհետեւ ընդամենը ժամանակի եւ հերթականության հարց է, թե Թուրքիան ո՞ր սուբյեկտին է դադարելու չճանաչել հաջորդը: Գուցե մի փոքր «մեծահոգություն» անեն Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մալթայի համար, նրանց թողնելով վերջում խժռելու՝ որպես երախտագիտություն իր հանդեպ ԵՄ պատժամիջոցների օրակարգ թույլ չտալու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

 

 

 

 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media