Ինչու՞ Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան շղթայով երբեք չի արձանագրվել մեր փախստականների՝ ցեղասպանության զոհի կարգավիճակը

27-11-2020 17:18:07   | Հայաստան  |  Վերլուծություն
Ինչու՞ հայկական պետությունը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան շղթայով երբեք չի արձանագրել Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցը երկկողմ եւ և միջազգային հարաբերությունների առարկա դարձնելու խնդիրը:
Ինչու՞ հայկական պետությունը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան շղթայով երբեք չի առաջադրել փախստականների հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահությանը Բաքվի հետ ասիմետրիկ հիմունքներով լուծելու խնդիրը: 
Ինչու՞ հայկական պետությունը Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան շղթայով երբեք չի արձանագրել մեր փախստականների՝ ցեղասպանության զոհի կարգավիճակը:
ՀՀ նախագահը 2018-ին ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների պատվիրակությանը: Ի՞նչ լուծումներ է տվել ՀՀ նախագահը:
 
Ձեր հարցերին պատասխանելու համար սկզբից հակիրճ ներկայացնեմ մեր անցած ճանապարհը, և մեր անպտուղ «հաջողությունները», միգուցե, դուք էլ մեզ օգնեք ձեր տված հարցերի օբյեկտիվ պատասխանները գտնել: Այդ հարցերը մեզ միշտ էլ հուզել են:
 
Եվ այսպես, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը ձևավորվել է 2010-ի ամառ-աշնանը:
Փախստականների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունները, որ կային ու կան, զբաղվում էին/են բացառապես հայ փախստականների սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմամբ, այն էլ դրամաշնորհային ուղղորդվող դաշտում: Հայ փախստականների քաղաքական իրավունքների ոտնահարման փաստով և այդ իրավունքների վերականգման հարցերով զբաղվող որևէ կազմակերպություն չկար: 
 
Մեր գործունեության ընթացքում բարձրացրել ենք հետևյալ հարցերը.
1. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հանդեպ 1987-1992 թվականներին պետական մակարդակով կազմակերպվել և իրականացվել է ցեղասպանություն,  որը հայության դեմ շուրջ 130 տարիներ տարվող ցեղասպանության մի դրվագն է: Հիշեցրել ենք 1990 թվականի փետրվարի 13-ին Հայկ.ԽՍՀ  ԳԽ որոշումը, որով ԳԽ-ն հայության ջարդերը Ադրբեջանի հայաբնակ վայրերում գնահատել է ցեղասպանության շարունակություն:  
2. Ցեղասպանության առաջխաղացումը դեպի ԼՂԻՄ հանգեցրել է 1991 թվականին պատերազմի, և այդ ցեղասպանական պատերազմի կասեցման արդյունքում ազատագրվել են տարածքներ:
3. Ցեղասպանից ազատագրված այդ տարածքների իրավատերը միջազգային իրավունքի դաշտում հայ փախստականներն են, օր առաջ պետք է հնարավորություն տալ, որ հայ փախստականները իրացնեն այդ տարածքներում բնակվելու իրենց իրավունքը, անհրաժեշտ է կազմակերպել հայ փախստականների վերաբնակեցում այդ տարածքներում:
4. Բանակցային քննարկման օրակարգ մտցնել հայ փախստականների խնդիրը որպես կոնֆլիկտի առանցքային գործոն, բացահայտել, որ կոնֆլիկտը ներադրբեջանական է, ոչ թե միջպետական: 
5. Բացատրել ենք, որ կեղծ դրույթների, զոհի և դահիճի հավասարեցման արդյունքում գործ ունենք հայության համար մահաբեր, պատերազմը հիմնավորող ու միշտ թեժ պահող մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում դրած հակահայ «ականները» օր առաջ պետք է չեզոքացնել:
6. Բանակցային քննարկման հարց դարձնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ ակամա հայտնված բնիկ ժողովուրդների էթնոցիդի հարցը:
7. Փորձել ենք գնահատել, թե ինչն է պատճառը, որ հայկական իշխանությունները թե առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների, և թե «հեղափոխական» վարչապետի օրոք շրջանցում են հայ փախստականների` քաղաքական գործոնի, նշանակությունը բանակցային գործընթացում, բարձրաձայնել ենք, որ  «հեղափոխությունը» չմտավ ԱԺ, ԱԳՆ, Ազգային անվտանգության խորհուրդ: Մեր միակ եզրահանգումն է եղել, որ բոլոր պետական այս դեմքերը և օղակները գործել և գործում են արտաքին կառավարման տակ, քաղաքական կոռուպցիայի դաշտում:
 
Վերոհիշյալ հարցերը արծարծել ենք մամլո ասուլիսներում, կլոր սեղան քննարկումներում, հայտարարություններում, դիմումներում, բաց նամակներում: Այստեղ թվարկենք ընդամենը մի քանի հոդվածներ, որոնք տպագրվել են «հեղափոխությունից» հետո. https://www.lragir.am/2020/09/07/576688/, https://www.lragir.am/2019/10/07/482555/, https://www.lragir.am/2019/08/18/468169/, https://www.lragir.am/2018/02/07/169703/, https://www.lragir.am/2020/01/02/506266/, https://www.lragir.am/2020/02/06/515511/, https://www.lragir.am/2020/07/02/560922/, https://www.lragir.am/2020/07/04/561467/, https://www.lragir.am/2020/03/07/524751/:
 
Հիմա հակիրճ անդրադառնանք մի քանի դրվագների, որոնք, մեր ընկալմամբ, անուղղակի պատասխանում են ձեր կողմից բարձրացված հարցերին:
 
Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո ոչնչացվեց մտավորականության մի շերտ, որի մոտ հայության անվտանգային խնդիրը խորքային էր, հիմնավորված էր, ու այդ շերտը հետամուտ էր անվտանգային հարցերի ամրագրմանը,  դրա արդյունքում էլ այն թիրախավորվեց ու ոչնչացվեց: Այդ շերտի վերացումը հնարավորություն տվեց, որ ասպարեզ գան դրամաշնորհային դաշտում ուղղորդվող մի շարք գիտնականներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, հասարակական-քաղաքական ու ռազմական գործիչներ, որոնք հայության անվտանգային խնդիրները վերափոխեցին սեփական բարեկեցության ապահովման հարցերով: Վերջինները կոնֆլիկտի կարգավորման տարատեսակ ձևաչափերին, նաև «Խաղաղության հաստատման» հետ կապված  քննարկումներին ու հանդիպումներին ներկայանում էին իրենց թիմերով, որտեղ արտահայտում էին միայն իրենց հայտնի մոտեցումներ, հետո իրենց գործունեությամբ հիմնականում դառնում 7 շրջանների վերադարձի նվիրյալ խոսնակ ու քարոզիչ: Այս ընթացքները քողարկված էին հանրությունից, Հայաստանի ու Արցախի հայությունը հիմնականում անտեղյակ էր:  Գիտնականների, վերլուծաբանների, քաղաքագետների, հասարակական-քաղաքական ու ռազմական գործիչների այդ շերտը, անկախ այն բանից իշխանամետ էր, թե ընդդիմադիր, արևմտամետ էր, թե ռուսամետ, հենարան է ծառայել գործող իշխանությունների համար և ապահովել, որ դրանց խնդիրները շատ հեռու մնան երկրի անվտանգային հարցերի ապահովումից, պետության ու պետականության բնորոշիչների պահպանումից ու զարգացումից, ու սրա մասին արդեն ակնհայտ վկայում են ցեղասպանական պատերազմի վերջին բռնկման աղետալից դադարն ու դրա արդյունքը: Պետք է հաստատել նաև, որ ռազմական և անվտանգային մի շարք բարձրաստիճան գործիչներ թերևս 1994 թվականից վստահ էին, որ այդ 7 շրջանները պետք է վերադարձնել, երբեք էլ հաշիվ չտալով այդ վերադարձի արդյունքում ստեղծվելիք սպառնալիքների ու ռիսկերի համար: 7 շրջանները վերադարձնելու այդ բոլոր գործիչների նման կեցվածքի ու պատրաստակամության հիմքերը, անշուշտ, քաղաքական կոռուպցիան էր, որ 1991 թվականից խթանվեց ու մինչն օրս ամրացվեց արտաքին կառավարման պայմաններում. իշխանություններին մերձավոր ու դրանցից սնուցվող օղակները նույնիսկ խոստովանում էին հարյուր տոկոսանոց արտաքին կառավարման մասին: 
 
«Արցախյան կոնֆլիկտ» կոչվածը բնույթով բացառապես ներպետական էր, այսինքն` ներադրբեջանական էր, սակայն կոնֆլիկտի բնույթի աղճատումը և կեղծիքի ներկայացումը բանակցությունների սկզբում ու հետագայում ևս մի շարք քայլեր, ինչպես օրինակ այն, որ 1998-ից Հայաստանը սկսեց ներկայացնել նաև արցախյան կողմը, այդ կեղծիքը, որ իբրև պատերազմը միջպետական էր, ամրագրեցին:
 
ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի թիվ 633-Ն որոշմամբ ստեղծվում  է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման  նախարարությունը, որի  կազմում   ներառվում  է  Միգրացիոն   գործակալությունը, իսկ մինչ այդ վերջինս կոչվում էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր միգրացիայի  և փախստականների վարչության  աշխատակազմ» պետական կառավարչական  հիմնարկ, այսինքն 2005 թվի այդ որոշմամբ  հիմնարկի անունից հանվեց «փախստական» բառը, սա խոսում է, որ ներքին քաղաքականության մեջ փախստականների հարցը փակված էր: Մենք 2018 թվականին նամակով, և ապա 2018 թվականի նոյեմբերին ԳԱԱ կլոր դահլիճում անցկացված Գանձակի/Կիրովաբադի հայաթափման երեսուն տարվան նվիրված գիտագործնական գիտաժողովի ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք Միգրացիոն ծառայության պետի մոտ, սակայն որևէ դրական արձագանք չենք ստացել:
 
2010 թվականի հունիսի 24-ին ԱԺ-ն ճանաչել է Ադրբեջանի սահմանները ըստ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները:
 
2010 թվականից մեր գործունեության ընթացքում որևէ հանդիպում ԱԳՆ նախարարի հետ չի եղել, եղել են բազում հանդիպումներ ԱԳՆ տարբեր բաժիններում, փոխնախարարի հետ, աշխատակազմի ղեկավարի հետ: 2010 թվականի աշնանը ԱԳՆ փոխնախարարի և բաժնի վարիչի հետ հանդիպման ժամանակ մեզ հուշել են, որ Ազատագրված տարածքների իրավատերը միջազգային իրավունքի դաշտում հայ փախստականներն են: Ավելին, մեզ խոստացան, որ իրենք կկազմակերպեն և կսկսեն եվրոպական հանդիպումներին ներկայանալ հայ փախստականի հետ, ինչպես դա անում է ադրբեջանական կողմը: Հետագայում ոչ մի քայլ չձեռնարկվեց:
 
Մեր գործունեության արձագանք ընկալեցինք 2011 թվականի մայիսի 17-ին  ՄԱԿ-ի փախստականների այն ժամանակվա հանձնակատար Անտոնիո Գուտերեշի այցը Երևան, նրա ներկայությամբ խոսվեց հայ փախստականների բնակարանային խնդիրների լուծման շուրջ (սակայն միայն Բրազիլիայի դեսպանատունը 50 000 ԱՄՆ դոլար տվեց, որևէ այլ պետություն ներդրում չարեց): Գուտերեշի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը հասցրեց հայտարարել, որ «Երևանը երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը», ասել է թե` փախստականները քաղաքական գործոն չեն: Ու այս հայտարարությամբ փախստականների հիմնահարցը վերջնականապես հանվեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից: 
 
2011 թվականի նոյեմբերի 11-ին մեր համագումարի ժամանակ հայտարարել ենք հայ փախստականների Հռչակագիրը, նաև ներկայացրել ենք Հակարի գետի հովտում փախստականների համար Բագվան քաղաքի կառուցման նախագիծը: Դրան ինքնաբուխ հետևել են Բագվան քաղաքի կառուցման մասնագիտական քննարկումներ: Մեր դիմումները այս հարցով ՀՀ և ԱՀ իշխանություններին մնացել են անպատասխան: Բայց, ինչպես նշել ենք այստեղ` https://www.lragir.am/2019/08/18/468169/, դա խթանեց տարածքների վերաբնակեցումը փախստականներով: Սակայն, մեզ տեղեկացրին, որ 2012 թվականի սեպտեմբերին եղել է զանգ Բաքվից Բաղրամյան 26, որի ժամանակ պարզել են, թե այդ ինչ քաղաք են պատրաստվում կառուցել: Բաղրամյան 26-ից եղել  է ի միջայլոց պատասխան, դրան հետևեց վերաբնակեցման հետագա կասեցումը: 
 
Բազում հանդիպումներ ենք ունեցել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրենի հետ, ով զրույցների մեջ հստակ բնորոշել է 1987-1992 թվականները ցեղասպանություն, պատրաստակամ է եղել գործնականում աջակցել, Համագումարի մի քանի նիստեր անց ենք կացրել թանգարան-ինստիտուտի դահլիճներում, սակայն, ակնհայտ էր, որ տնօրենի քայլերը սահմանափակվում էին նախագահականի կողմից:
 
2013-ի հոկտեմբերի 16-ին ԱԺ 6 խմբակցություններ մեր հրավերով մասնակցել են մեր կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, ՀՀԿ և ՀՀԴ խմբակցությունների ղեկավարները մամուլի ներկայությամբ այդ օրը բարձրաձայնել են, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանում ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ կազմակերպվել և իրականացվել է ցեղասպանության շարունակություն, որ փախստականների խնդիրը կարևոր է բանակցային գործընթացի համար, և որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է այդ հարցը դնել քննարկման օրակարգ: Այս հայտարարությանը որևէ քայլ չի հետևել:
 
Մենք հանդիպում ենք ունեցել Վ. Կազիմիրովի հետ 2014 թվականի ամռանը, հանդիպման ժամանակ հարցրել ենք, թե ինչու հայ փախստականների հարցը դուրս մնաց բանակցային գործընթացից: Նա մեզ պատասխանեց, որ հարցը պետք է տալ հայկական իշխանություներին, քանի որ իրենք այդ հարցը չեն մտցրել: Մենք այդ հարցը հնչեցրել ենք մամլո ասուլիսներում, մեր նամակներում` ուղղված երկրի նախագահին, առաջին նախագահին, ԱԺ-ին, ԱԳՆ-ին, ու մնացել  անպատասխան: 
 
2015 թվականի  փետրվարի 19-ին Սփյուռքի նախարարը կազմակերպել է կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ ու փախստականների խնդիրներով զբաղվող կազմակերպություններ: Սփյուռքի նախարարը մեր և  մամուլի ներկայությամբ հայտարարել է, որ 2015 թվականի հոկտեմբերին կհրավիրեն արտասահմանում բնակություն հաստատած հայ փախստականներին համաժողովի և կխթանեն Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի գործունեությունը, իսկ 2015-ի մայիսին խոստովանել են, որ այդ որոշումը և հայտարարությունը արդեն ուժի մեջ չեն:
 
2016 –ի սեպտեմբերին այցելել ենք Հակարի գետի հովիտ`մեր կողմից մշակված և դեռևս 2011 թվականին հայտարարված փախստականների համար Բագվան քաղաքի կառուցման նախագծի հետ կապված: Այցից հետո հոկտեմբերի 29-ին կազմակերպել ենք կլոր սեղան-քննարկում, որտեղ հնչել է կոչ իշխանություններին` կազմակերպել փախստականների վերաբնակեցումը: Կլոր սեղան-քննարկմանը ոչ պաշտոնական մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուն և Իրանի դեսպանատան ներկայացուցիչը: 
 
Մենք դիմել ենք փախստականների վերաբնակեցման խնդրով ՀՀ կառավարություն դեռևս 2011-ին, նաև ԱՀ կառավարություն, պատասխան չենք ստացել: Վերջին մեր նամակին` 2019 թվականի, պատասխանը ստացել ենք ԱԳՆ փոխնախարարի ստորագրությամբ, որտեղ առաջարկել են մեզ դիմել ԱՀ կառավարություն, իսկ ԱՀ-ից էլ բանավոր զրույցում հակադարձել են, որ Արցախում իրականցվում են բազում ծրագրեր, և մեր առաջարկը ինչ-որ առումով տեղին չէ ու անհասկանալի է, նաև, որ ափսոս  է այդ հողերը թողնել շինարարության տակ:
 
Իսկ 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո մինչ օրս մեր նամակները հիմնականում մնացել են անպատասխան: Մենք «հեղափոխական» ԱԺ, ԱԳՆ, կառավարություն, նախագահին ներկայացրել ենք նամակներ` պահանջով  ճանաչել Ադրբեջանում 1988-1992 թվականների ցեղասպանությունը և վերահաստատել Հայկ.ԽՍՀ ԳԽ 190 թվականի փետրվարի 13-ի որոշումը, սակայն որևէ բանավոր կամ գրավոր արձագանք չի եղել: 
 
«Հեղափոխական» կառավարություն և ԱԺ ներկայացրել ենք միջազգային նորմերի, կոնվենցիաների, որոշումների յոթ փաթեթ, համաձայն որոնց Ազատագրված տարածքների իրավատերը հայ փախստականներն են, առաջարկել ենք անցկացնել մասնագիտական ու փորձագիտական քննարկումներ: Մինչ օրս որևէ արձագանք չկա: 
 
Նախորդ և այնուհետև «հեղափոխական» կառավարությունում հանդիպման ժամանակ խոսել ենք «Սարգիսյան-Չիրագով» պարտվողական ընթացքի մասին, դրա հետևանքի մասին, որ այն բերելու է ՀՀ-ին ահռելի պարտքեր, ու միայն արդեն 2019-ին սկսվեց շրջանառվել 50 մլրդ-ի հարցը:  Սակայն, թե ինչ է արվում արդեն այսօր այդ աղետը կասեցնելու համար, պատասխան չունենք:
 
Մինչև 2017 թվականը մենք բազում հանդիպումներ ենք ունեցել Երևանում գտնվող դեսպանատներում, որտեղ ներկայացրել ենք հայ փախստականների ձևավորման սկզբնապատճառներն ու ընթացքը, հայ փախստականների և «ադրբեջանցի փախստականների» անհամաչափության խնդիրը, մադրիդյան սկզբունքների` հայության համար մահաբեր լինելը, նաև մեր նախագծերը: Այդ դեսպանատներում ստացել ենք բազում բանավոր դրական արձագանք, նաև հնարավորություն իրենց այդ դրական արձագանքի մասին հայտարարել մամուլով, ինչը և կատարել ենք: Սակայն, 2017-ի ԱԺ ընտրություններից հետո դեսպանատները մեր նամակներին արդեն չեն արձագանքել: 
 
Մեզ հետ երբևէ չեն հանդիպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Մինսկի խմբի եռանախագահները: Մեծ պայքարի արդյունքում մեկ հանդիպում եղել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ:
 
2018 թվականի ամռանը հանդիպել ենք ՀՀ նախագահի հետ, մանրամասն զրույց ունեցել, որից հետո եղել է առաջարկ որևէ ծրագրի իրականացման աջակցության: Մենք երկու նախագիծ ենք ներկայացրել, մեկը 2018-ին` հանդիպումից հետո, մյուսը` 2019-ի ամռանը, առաջին ծրագրին որևէ ձևով չեն արձագանքել, երկրորդ ծրագիրը մերժել են բանավոր, չհիմնավորելով, թե ինչու են մերժում: Նախագահի ապարատից երբևէ չենք լսել փախստականների խնդրի մասին որևէ առաջարկ, հայտարարություն:
 
Մեր հարցը երբևէ չի արծարծել որևէ հեռուստատեսային ալիք, նույնիսկ «հեղափոխությունից» հետո որևէ պետական ու հանրային հեռուստատեսային կամ ռադիո ալիք մեր բարձրացրած հարցերին չի անդրադարձել, մեզ հարցազրույցների չի հրավիրել: 
 
Մեր գործունեության ընթացքում բազում գրություններ ենք ուղղել ԱԺ-ին, եղել են հանդիպումներ հիմնականում ՀՀԿ և ՀՀԴ խմբակցություններում, մյուս խմբակցություններում եզակի հանդիպումներ են եղել, քանի որ խուսափում էին: 2019 թվականին` մեծ ջանքերից հետո, մեր նամակին ի պատասխան եղել է մի հանդիպում, երբ համատեղ մեզ հետ հանդիպեցին երեք հանձնաժողովների ղեկավարներ, այդ հանդիպումը մեր հարցազրույցներում բնորոշել ենք ժողովրդական լեզվով ասած` հանդիպում «ոտի վրա»:   
 
Մեր գործունեության հենց սկզբից փորձել ենք հանդիպել բոլոր իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների հետ, քաղաքագետների, վերլուծաբանների, գիտնականների հետ, ներկայացրել ենք փախստականների խնդրի առանցքային նշանակությունը, նաև այն, որ ցանկացած վերաբնակեցում կատարվում է Լաչինի վզի վրա: Սակայն, դրանից հետո էլ երբևէ որևէ առիթով որևէ մեկ կուսակցություն, վերլուծաբան, քաղաքագետ կամ գիտնական չի խոսել այդ հարցի մասին:  
 Կուզեի օգտվել առիթից ու շնորհակալություն հայտնել եզակի մտավորական, Ազդակ օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր, միջազգային հարաբերությունների քաղաքագիտական վերլուծաբան Շահան Գանթահարյանին, ով մեզ հետ հանդիպումից հետո բազում անգամ հիշեցրել է հայ փախստականների առանցքային նշանակության մասին: 
 
2018 թվականի փետրվարին և 2020 թվականի հունվարին ԱԺ լսումներին մեզ տվել են ելույթի հնարավորություն, մենք բարձրաձայնել ենք վերոհիշյալ խնդիրները, սակայն, մեր ելույթները որևէ ձևով չեն ազդել ԱԺ հայտարարությունների բովանդակության վրա, որոնք մեր գնահատմամբ  եղել են անատամ ու ոչինչ չասող:
 
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող`
Մարիամ Ավագյան
26.11.2020
 
 
 
 


Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media