«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր

27-11-2020 19:06:32   |   |  Առեղծվածներ
«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի, կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր: 
 
Համալսարանական մասնագետների՝ վնասվածքաբանների, ռեանիմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, ուրոլոգների թիմային և համակարգված աշխատանքի արդյունքում փրկվել են հարյուրավոր կյանքեր: Մեկ ամիս շարունակ համալսարանական հիվանդանոցի կլինիկաների ղեկավարներն աշխատել են 20-24 ժամյա աշխատանքային ռեժիմով: «Արդյունքը գոհացնող է. քիչ մահեր արձանագրվեցին և անդամահատումների թիվն էլ մեծ չէ»,- ասում է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարը: 
 
Գնահատելով այս օրերին այլ կլինիկաների կատարած հսկայածավալ աշխատանքը՝ Արտավազդ Սահակյանը նշում է, որ վիրավորների լիրաժեք, ֆունկցիոնալ վերականգնման համար անհրաժեշտ է փուլային բուժում: «Ի բարօրություն մեր վիրավորների ապագայի, որոնց թվում են՝ 18-20 տարեկան զինվորներ, սպաներ և քաղաքացիական բնակչություն, ես ինչպես համալսարանական մասնագետներին, այնպես էլ մյուս բժշկական կենտրոնների գործընկերներին կոչ եմ անում համագործակցել: Պատերազմի ժամանակ տուժած մեր հայրենակիցները չպետք է խեղանդամված ապրեն, մենք պետք նրանց լիարժեք կյանք վերադարձնենք»,- ասում է փորձառու վիրաբույժն՝ ավելացնելով, որ պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք և նրանց հարազատներն իրավունք ունեն իրազեկվել, թե որ կլինակներում պետք է շարունակեն իրենց բուժումը: 
 
Նրա խոսքով՝ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ Արցախում և Հայաստանում ունեցել ենք բազմաթիվ խեղանդամված վիրավորներ՝ արտաքին՝ գեղագիտական և ֆունկցիոնալ խնդիրներով: «Այս օրերին խորհրդակցություններ եմ ունեցել գործընկերներիս հետ և կարծում եմ, որ համալսարանական հիվանդանոցը լավագույն կենտրոններից է, որտեղ կիրառելով բուժման երկրորդ փուլը հնարավոր է բարելավել ողջ մնացած հերոսների կյանքի որակը»,- ընդգծում է վիրաբույժը՝ հավելելով, որ ադրբեջանցիների կողմից կիրառված զինատեսակներից տուժածների զգալի մասն այս պատերազմի ժամանակ ստացել են մեխանիկական վնասվածքներ և հսկայածավալ այրվածքներ, որոնք հետագայում հանգեցնում են դեֆորմացվող սպիերի: 
 
Կարևորելով բուժման վերականգնողական փուլն՝ Արտավազդ Սահակյանն անդրադարձավ տարածաշրջանում եզակի համարվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: «Ելնելով իմ փորձից կարող եմ ասել, որ լավագույն վիրահատությունը դատապարտված է անհաջողության, եթե դրան չի հաջորդում հետվիրահատական ֆունկցիոնալ վերականգնում, որը ներառում է հոգեբանների, նյարդաբանների, կինեզիոլոգների համատեղ աշխատանք»,-փաստում է բժիշկը՝ ավելացնելով, որ հետվիրահատական բուժումը՝ հատկապես նյարդային հանգույցների հետ կապված, պետք է իրականացնել անհապաղ: 
 
Բազմամյա փորձ ունեցող մասնագետը, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի հետևանքով տուժած բազմաթիվ հիվանդների վերադարձրել է լիարժեք կյանքի՝ փրկելով հաշմանդամությունից, հանրապետության բժշկական էլիտային կոչ է անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ: «Կարևոր է հիվանդների ճիշտ և ժամանակին ախտորոշումը և առաջնահերթությունների սահմանումը: Մենք շարունակում ենք կապի մեջ լինել մեր արտերկրի գործընկերների հետ՝ առցանց օգտվելով նրանց խորհրդատվությունից, սակայն պետք է փաստեմ, որ հիվանդներին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջանում»,-եզրափակում է Արտավազդ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ երկար ժամանակ չի պահանջվի հերոս հայորդիներին ոտքի կանգնեցնելու համար:
 
 
 


Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media