Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի վարչակազմի հետ

25-01-2021 11:18:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը:
 
Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը և նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձևավորել:
 
Անդրադառնալով անօթևան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ:
 
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
Այնուհետև Արայիկ Հարությունյանը, Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media