Ընտրական բարեփոխումները պետք է հասցնել ավարտին. 4 կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել

17-04-2021 19:12:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական և Պահպանողական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։
 
«2021 թվականի մարտի 9-ին Ազգային ժողովում շրջանառվեց Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագիծը: Ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց այդ նախագծի մի մասը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:
Ողջունելով «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարումը և հորդորելով հանրապետության նախագահին օր առաջ ստորագրել նշված օրինագիծը՝ կարևոր ենք համարում ընդգծել ընտրություններից առաջ ընտրական բարեփոխումներն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
 
Հատկապես կարևորում ենք Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ փոփոխել ընտրական օրենսդրության հետևյալ հարցերին վերաբերող դրույթները.
 
Անցողիկ շեմի նվազեցում, որպեսզի ապահովվի ձևավորվելիք խորհրդարանի առավել համամասնականությունը:
Ընտրական գրավի նվազեցում, որպեսզի ընտրություններին կուսակցությունների մասնակցությունն առավել քիչ կապվի վերջիններիս ֆինանսատնտեսական կարողությունների հետ:
Նախընտրական քարոզչության կանոնների հստակեցում ու ժամկետի երկարացում, որպեսզի մրցակցությունը լինի առավել քաղաքական և նվազ ռեսուրսային:
Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի հստակեցում ու ապահովում, որպեսզի հնարավորինս կանխարգելվի օլիգարխիկ և օտարերկրյա միջամտությունը նախընտրական քարոզչությանը:
Վարչական ռեսուրսի սահմանում ու չարաշահման արգելում, որպեսզի նվազագույնի հասցվի վարչական ռեսուրսին տիրապետող ուժերի կողմից դրանով պայմանավորված առավելություն ստանալը:
Նշված փոփոխությունների ընդունումը անհրաժեշտ պայման ենք համարում ընտրությունների ժամանակ քաղաքական, ծրագրային ու գաղափարական մրցակցության խթանման համար:
Ըստ այսմ՝ կոչ ենք անում.
Ազգային ժողովին՝ օր առաջ ընդունել Ընտրական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը` սահմանելով, որ վերոնշյալ 5 կարգավորումներն ուժի մեջ մտնեն առաջիկա ընտրությունների ժամանակ:
Հանրապետության նախագահին՝ հրապարակավ պարտավորություն ստանձնել առ այն, որ օրենսդրական փաթեթի ստորագրման հարցը կլուծվի այնպիսի ժամկետներում, որ այն ուժի մեջ մտնի նախքան ընտրությունների նշանակումը»:
 
ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media