Համանախագահները «ջրեցին» Բաքվի հայտարարությունը․ Մոսկվան երկակի խաղ է խաղում

17-04-2021 19:35:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am-ը հարցազրույց է ներկայացնում քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։
 
Պարոն Գանդահարյան, Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են արել՝ կոչ անելով բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիմա վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
 
Հետպատերազմյան իրավիճակային հանգրվանում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը գերդիվանագիտական մոտեցումներով է հատկանշվել․ ըստ էության նրանք ողջունելով ռուս-թուրք պայմանավորվածությամբ ընդունված հայտարարությունը, փորձում են հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը վերաիմաստավորել և վերակայացնել։ Այստեղ երկիրավիճակային հանգամանք ունի Մոսկվան, որը թե համանախագահողներից անկախ Անկարայի հետ պայմանավորվելով նոր գոյավիճակ է ստեղծել, թե հիմա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Անկարայի ախորժակներն է զսպում։ Բարդ է այս խաղը, քանի որ զուգահեռ լարվում են Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները։
 
Ռուս համանախագահը, միանալով իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներին, հիմնականում ջրում է նաև Բաքվի այն հայտարարությունը (երկրորդված նաև Անկարայի կողմից) առ այն, որ Արցախյան հակամարտությունը անցյալ է։ ՄԽ-ի համանախագահների հայտարարությունը ողջունել է հատկապես նոյեմբեր 9-ի հայտարարության 8-րդ և 9-րդ կետերը։ Համանախագահները նախ նշել են ռազմագերների վերադարձի պայմանավորվածությունը, որից հետո ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Քաղաքական ընթերցումը մղում է մտածելու, որ տարածաշրջանային ապաշրջափակումներից առաջ նախ պետք է վերադարձնել ռազմագերիներին։ Այստեղ կա այլ երանգային կետ ևս։ Այսպիսով ջրվում է Բաքվի մեկ այլ պաշտոնական հայտարարություն, ըստ որի Ադրբեջանում չկան հայ ռազմագերիներ։ Համանախագահները որդեգրել են Երևանում ՌԴ դեսպանի այս առումով օրեր առաջ կատարած հայտարարությունը։
 
Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները։ Ո՞ր կողմին են ուղղված այս կոչերը:
 
Վերջում նշված բաժինը ևս հիմնականում ուղղված է Բաքվին։ Ի վերջո պարզ է, թե ո՛ր կողմն է արգելք հանդիսանում դեպի Արցախ քաղաքական գործիչների մուտքին և տեղաշարժին։ Հասցեականությունը բացակայում է, թեև պարզ են ուղերձների և պահանջների ուղղությունները։ Ուզում եմ ասել, որ ՌԴ-Ն երկակի խաղ տանելու դիրքում է․ մի կողմից Անկարայի հետ զսպում է Արևմուտքի թափանցումը տարածաշրջան, մյուս կողմից արևմտյան իր գործընկերների հետ զսպում է Անկարային, որ նա ավելի առաջ չգնա։
 
Փաշինյանը հայտարարել է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին։ Որքանով է դա հնարավոր։
 
Բնական է, որ հայկական կողմն իր առաջ պիտի դնի ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Այստեղ անպայման կարևոր է վկայակոչել հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար երեք սկզբունքները. Ուժի բացառում, որը խախտել է Բաքուն, տարածքային ամբողջականություն՝ Բաքու հայտարարում է որ արցախյան հակամարտությունը անցյալ է, այսինքն ինքը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, մնացել է ինքնորոշման իրավունքը։ Սա է ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունների վերակայացման դեպքում հայկական կողմի բանակցային ռազմավարության իրավադրույթը։
 
Մյուս կողմից պարզ է, որ հայկական կողմը իբրև պատերազմը տանուլ տված կողմ, չունի նախկին բանակցային առաձգականությունը։ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են վերադառնալ աշխարհաքաղաքական հարթություն, որտեղ բանակցային առևտուր կսկվի հիմնականում Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Նկատենք, որ ոչ միայն հայկական կողմն է կորցրել բանակցելու իր նախկին դիրքը, այլ նաև Բաքուն, որի հաշվին բանակցում է Թուրքիան:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media