Մահացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը

17-04-2021 14:37:29   | Հայաստան  |  Հասարակություն
87 տարեկան հասակում մահացել է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հիմնադրամից հայտնում են, որ նրան տեղափոխել էին հիվանդանոց ստամոքսի ցավի պատճառով:
 
Վարդան Գրեգորյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, նախկինում եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, ԱՄՆ նախագահի «Ազատության» մեդալակիր է, գիտնական ու բարերար:
 
Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան իր ցավակցությունն է հայտնում: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ:
 
«Վարդան Գրեգորյանը, ում օրեր առաջ և հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 8-ին, հանձնվեց ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը, իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս, ինչի վկայությունը նրա հայանպաստ հանրային գործունեությունն էր: Մեր անձնական հանդիպումների ու զրույցների, Սփյուռքում տեղի ունեցած բազում միջոցառումների ժամանակ անձամբ եմ առիթ ունեցել համոզվելու դրանում:
 
Անկեղծ ցավակցություններս եմ հղում Վարդան Գրեգորյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և կիսում նրանց ծանր վիշտը», - նշել է ՀՀ նախագահը:
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media