Առավել քան երբևէ կարևոր է ձեռնամուխ լինել պատերազմի մասնակիցների ֆիզիկական ու հոգևոր առողջության վերականգնման խնդրի լուծմանը. Կարին Տոնոյան

04-05-2021 16:58:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 3-ին տեղի է ունեցել  «5165» շարժման առողջապահության հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին շուրջ 100 բուժաշխատողներ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններից տեղեկանում ենք «5165» շարժման տարածած մամուլի հաղորդագրությունից: 
 
Հանդիպման նպատակն էր առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել շարժման գաղափարները, նպատակները և ծրագրերը, մասնագիտական հանրության հետ քննարկել առողջապահության առկա վիճակն ու հնարավոր լուծումները։ 
 
 Բուժաշխատողներին բացման խոսքով ողջունեց «5165» շարժման առաջնորդ, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարին Տոնոյանը, որն անդրադառնալով հետպատերազմյան շրջանի առողջապահական խնդիրներին՝ մասնավորաբար նշեց․
 
«Հիմա առավել քան երբևէ, կարևոր է ձեռնամուխ լինել Զինված ուժերում դեռևս ծառայող, վերջերս զորացրված պատերազմի մասնակից հայ երիտասարդների ֆիզիկական ու հոգևոր առողջության վերականգնման խնդրի լուծմանը»։
 
  Կարին Տոնոյանը խոսեց նաև նախադպրոցական տարիքի երեխաների հոգևոր ու մտավոր առողջության մասին՝ նշելով, որ երեխաների առողջությունը պետք է գտնվի պետության ամենաուղիղ ուշադրության կենտրոնում։ Հետագայում, արդեն զորակոչային տարիքում, պետությունն ունենում է առողջ ու ֆիզիկապես ամուր սերունդ, որը պատրաստ է ծառայության անցնել ազգային բանակում՝ առանց մեր օրերում հաճախ հանդիպող առողջական խնդիրների։ 
 
  Կարևորելով հասարակական առողջության վերականգնման և ամրապնդման խնդիրը՝ հանդիպման մասնակիցները առանձնակի ուշադրություն դարձրեցին բնակչության առողջության ապահովման գործում պետական հոգածության առաջնահերթությանը: 
 
 «Հարկավոր է հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է առողջացնել մեր սերունդներին թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից», - ելույթում նշեց Կարին Տոնոյանը 
 
  Դիմելով գործընկերներին՝ «5165» շարժման համահիմնադիր,  Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Գևորգ Թամամյանը ասաց․
 
«Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր գործը թողած պետք է մտածենք նաև պետության անվտանգության ու ապահով ապագայի մասին։ Բժիշկներն իրենց անգնահատելի ծառայությունն են մատուցում հանրությանը, կյանքեր փրկում, բայց դրան զուգահեռ հետևում են, թե ինչպես է երկիրը մեր աչքի առաջ մարում, իսկ մենք ոչինչ չենք անում։ Մենք առողջացնում ենք մարդկանց, մեր հայրենակիցներին, գուցե ժամանա՞կն է առողջացնել նաև պետությունը»,- նշեց Գևորգ Թամամյանը:
 
Հավելենք, որ «5165» շարժումն արդեն իսկ նախաձեռնել է մասնագիտական այլ հանձնաժողովների ձևավորման գործընթաց ևս։ Այսօր՝ ժամը 18։00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա շարժման տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը կվարի շարժման համահիմնադիր, տնտեսագետ Աշոտ Պետրոսյանը։ Ոլորտի մասնագետները կարող են միանալ մասնագիտական քննարկամանն ու իրենց նպաստը բերել շարժման տնտեսական բաղադրիչի կայացմանը։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media