Բաքուն սկսել է ընդունել, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ. ԱԳ նախարար

05-05-2021 19:45:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանական կողմն սկսել է ընդունել այս իրականությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, փոխանցում է lragir.am-ը: 
 
«Դուք հետևել եք, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ պնդում էր, որ այլևս խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հարցը լուծված է, և պետք է սկսենք նոր շրջան Հարավային Կովկասում։ Եվ վստահաբար դուք հետևել եք, որ և Մինսկի խմբի համանախագահները, և տարբեր երկրների առաջնորդները, և միջազգային մի շարք կազմակերպություններ շատ հստակ արտահայտվել են, որ խնդիրը լուծված չէ։ Եվ նաև հուսով եմ դուք հետևել եք, որ ադրբեջանական կողմն սկսել է ընդունել այս իրականությունը»,- ասաց Արա Այվազյանը։
 
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ Այվազյանն ասաց, որ խնդիրն իրենց առաջնահերթ ուշադրության կենտրոնում է։ «Եվ պետք է գոհունակությամբ նշենք, որ ռուսաստանյան կողմի միջնորդությամբ արդեն 70 ռազմագերիներ և այլ քաղաքացիական անձինք արդեն ազատ են արձակվել։ Այս հարցը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է և նաև դարձել է Մինսկի խմբի համանախագահների օրակարգային հարց։ Օրեցօր Ադրբեջանի վրա աճում է միջազգային ճնշումը։ Երեկ մեր երեք հայրենակիցներ վերադարձել են Հայաստան, և մենք դա գնահատում ենք որպես Մինսկի խմբի համանախագահների կիրառած ջանքերի և միջազգային ճնշման արդյունք»,- հավելեց Արա Այվազյանը։
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media