«Ժառանգություն» կուսակցությունն իր համակիրներին կոչ է արել ձայն չտալ գործող իշխանությանը

17-06-2021 16:54:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Ժառանգություն» կուսակցությունը մեծ անհանգստությամբ արձանագրում է՝ 2021թ հունիսի 20-ին մեր երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած վերջին երկու շաբաթներն աչք զարնեցին քաղաքակիրթ նախընտրական քարոզչական գործընթացի հետ աղերս չունեցող բառամթերքով և գործիքակազմով:
 
Կուսակցությունից հայտարարում են, որ վերոգրյալի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի դե ֆակտո իշխանություններն էին՝ կիրառած վաղ միջնդարի բարբարոսներին բնորոշ մրճահարումներով:
 
2020թ նոյեմբերի 9-ին կնքված հայրենատվության պայմանագրին հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գործողությունները միայն ու միայն միտված էին հայրենատվության տխեղծ եղելության լեգիտիմացման միջոցով սեփական իշխանության երկարաձգմանը, ապա նաև՝ վերարտադրությանը: Անցնող ամիսներին մենք չենք տեսել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային որևէ նախագիծ: Ցավոք պատերազմի վերքերը թաց են. թշնամին գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, իսկ հայրենիքի պաշտպանների մի մասը՝ Բաքվի բանտերում:
 
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ հետպատերազմական Հայաստանում հանրային միասնության և համախմբան այլընտրանքը պետականակործանման դժգույն  վերջաբանն է լինելու, ինչին անշեղորեն գնում ենք վերջին յոթ-ութ ամիսներին: Պետք է փաստել, որ նախընտրական ժամանակահատվածում սեփական բնակչությանը վենդետաներով սպառնացող Հայաստանի գործող վարչախումբը հիմնավորապես մերկացրեց իր կացնամրճային տրամաբանությունը: Մենք կարծում ենք, որ ընտրված վաղ միջնադարի բարբարոսներին հատուկ գործիքները՝ որպես համախումբ խորհրդանիշ, ամենացածրակարգ և անարդյունավետ միջոցներն են հանրային անհրաժեշտ միասնության և համախմբման համար:
 
Ուստի հաշվի առնելով առկա վտանգավոր իրողությունները՝ կոչ ենք անում կուսակցության անդամներին, համակիրներին և համախումբ մեր եղբայրներին ու քույրերին 2021թ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտորւթյուններում մասնակիցը չդառնալ հայրենատվության լեգիտիմացմանը՝ ձայն չտալով մեր պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media