Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն բժշկական սարքավորումների նոր խմբաքանակ է տրամադրում Հայաստանին

17-06-2021 20:37:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում, տեղեկանում ենք ԱՀԿ-ից: 
 
COVID-19-ով հիվանդության ծանր ընթացքի դեպքում առաջնային նշանակություն ունեն արհեստական շնչառության սարքերը, որոնք օգնում են հիվանդներին շնչել՝ օրգանիզմին մատակարարելով թթվածին և կարգավորելով օդի քանակությունը շնչուղիներում և թոքերում, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը։
 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:
 
«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ շարունակելով աջակցել առողջապահական համակարգերի կարողությունների ամրապնդմանը։ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակներին համարժեք արձագանք ապահովելը և մարդկանց կյանքը փրկելը կենսապես կարևոր է։ Միասին՝ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի արագ կհաղթահարենք համավարակը», նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժօգնության կազմակերպման  համար յուրաքանչյուր ներդրում խիստ կարևոր է: ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունն անում են ամեն բան` ապահովելու բուժման համար անհրաժեշտ սարքավորումներն, ինչպես նաև պատվաստանյութերի հասանելիությունը: Այս փուլում գնահատելի է նաև Եվրամիության, ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը` հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների հարցում»,- նշել է Լենա Նանուշյանը: 
 
COVID-19-ի համավարակին ուղղված աջակցության շրջանակում ԵՄ-ն և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակում են տրամադրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, ինչպես նաև տարբեր նախագծերի միջոցով նպաստել առողջապահական համակարգի հզորացմանը։ Ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությանն են տրամադրվել թթվածնի 200 խտացուցիչ, որոնք բաշխվել են Երևանում և մարզերում COVID-19-ով հիվանդներին սպասարկող հիվանդանոցներին։ 2021թ․ին Հայաստան են առաքվել ֆլյուրոսկոպիայի ստացիոնար 3 սարքավորում, որոնք ներկայումս տեղադրվում են Երևան, Գորիս և Մարտունի քաղաքների բժշկական կենտրոններում։
 
«COVID-19 համավարակի արձագանքման շրջանակում մենք կարևորում ենք բժշկական հաստատությունների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի փրկել հիվանդների կյանքը և տրամադրել համարժեք խնամք։ Ի հավելումն, մենք աշխատում ենք  բժշկական անձնակազմի կարողությունների հզորացման, ինչպես նաև COVID-19-ի ներհիվանդանոցային կառավարման ուղեցույցների մշակման ուղղությամբ:», - ավելացրեց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media