Պատերազմում պատասխանատվությունը բժշկին թույլ չի տալիս հոգնել

18-06-2021 19:40:24   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրդայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
 
«ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի երրորդ կուրսի կլինիկական օրդինատոր  Տիգրան Վասիլյանը պատերազմի օրերին որպես ռեանիմացիոն բրիգադի բժիշկ Արցախից Երևան բազմաթիվ վիրավորներ է տեղափոխել: 
 
«Պատասխանատու այդ գործը մեծ փորձ եղավ մեզ համար: Պատերազմն աղետալի արհավիրք է: Դու չես զբաղվում քո նեղ մասնագիտությամբ,  գործ ես ունենում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ: Արագ ես գործում, ժամանակ չես ունենում հանգստանալու համար, բայց զարմանալիորեն չես էլ հոգնում, պատասխանատվությունն անչափ մեծ է: Երևան հասցրած յուրաքանչյուր զինվորի համար անսահման ուրախանում էի, գուցե հենց դա էր ուժ տալիս»,-նշում է Տիգրանը:
 
Կլինիկական օրդինատորի խոսքով՝ այդ օրերին սկսում ես ավելի շատ գնահատել խաղաղությունը:
 
Մանուկ հասակից բժիշկ դառնալու երազանքն իրականացրած Տիգրանը որպես նեղ մասնագիտություն ընտրել է սրտաբանությունը. «Միշտ երազել եմ բժիշկ դառնալ, երբևէ այլ մասնագիտություն ընտրելու մասին չեմ մտածել, իսկ երբ դպրոցում սկսեցի անցնել «կենսաբանություն» առարկան, երազանքս որոշում դարձավ: Սկսեցի փորփրել, ուսումնասիրել առարկայից բխող շատ թեմաներ: Ինձ ոգևորում է այն, որ արագ և ճիշտ գործելու արդյունքում մարդկային կյանքեր են փրկվում»:
 
Ապագա սրտաբանի խոսքով՝ բժշկի ամենակարևոր հատկանիշներից է հոգատարությունը, ինչպես նաև անընդհատ նորը սովորելու ցանկությունը:
 
Սովորողն  ազատ ժամանակ սիրում է գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, ինչպես նաև  այգեգործությամբ զբաղվել. «Ծառի ու թփի հետ ես հանգստանում եմ»:
 
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media