Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը՝ ՀՀ Զինուժի օրինական թիրախ

01-08-2021 13:00:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Lragir.am-ը գրում է. «Հուլիսի 29-ի ժամը 23:00-ից սկսած ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են ՀՀ Գեղարքունիքի մարզում թշնամու աթս-ների ՀՀ օդային տարածք ներթափանցելու հերթական փորձը: ՀՀ ՀՕՊ-ը խոցել է Aerostar տիպի աթս։ Դա իսրայելական անօդաչու է, որը արտադրվում է նաեւ Բաքվում։
 
«Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում» հոդվածում ուշադրություն էինք հրավիրել հրադադարի վերահսկման Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի վրա: Ռուսական, թուրքական եւ «ադրբեջանական» կողմերի համար այն ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝ կանխավ հրադադարի միակ հավանական խախտող համարվող հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, հարյուրավոր կիլոմետր ճակատով եւ օպերատիվ խորությամբ:
 
Չմոռանանք, որ հրադադրի գոտին ներառում է նաեւ ՀՀ բոլոր սահմանային շրջանները: Այսինքն, Հայաստանի ռազմական կարողությանը անարգել եւ միանգամայն «օրինական» հիմքի վրա լրտեսում են միաժամանակ Ռուսաստանը, Թուրքիան եւ այսպես կոչված «Ադրբեջանը»: Խտրական հիմքերով նման կենտրոնի ստեղծումը նոյեմբեր 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ: Այն գործարկվել է ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների 2020 նոյեմբեր 11-ին ստորագրած սեպարատ հուշագրի հիման վրա:
 
Հայաստանը պետք է պահանջի փակել Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը, որը դարձել է Հայաստանի դեմ ուղիղ ագրեսիայի օպերատիվ-շտաբային միավոր։ ՀՀ օդային տարածք աթս-ների ներխուժման պրակտիկան թույլ է տալիս պնդել, որ Երեւանին պայմանագիր եւ արտատարածքային միջանցքներ պարտադրելու այն եղանակը, որ իրականացվում է սահմանների երկայնքով, կազմում է Հայաստանին հակադիր կողմերի վաղօրոք համաձայնեցված ռազմաքաղաքական ծրագրի բաղադրիչ մաս:
 
Ծրագրի վերջին դրվագներից է Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «իրավացի» որակված 2021 հուլիս 28-ի ագրեսիայի ակտը Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերի ուղղությամբ, որը հանգեցրել է մարդակային կորուստների: Միաժամանակ, ռուսական կողմը հրաժարվել է դատապարտել ագրեսիայի այս ակտը:
 
Ակնայի ռուս-թուրքական որջը վերացնելուն զուգահեռ, Երեւանը պետք է քայլեր ձեռնարկի Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի ՀՕՊ եւ հետախուզական կարողությունները ներգրավելու համար։ Հայաստանի դեմ ագրեսիան ծավալվելու է, բախման նոր օջախների ձեւավորմամբ։
 
ՄԱԿ ԱԽ նախագահությանը հղած ՀՀ մշտական ներկայացուցչի նամակում շեշտվում է ՄԱԿ կանոնադրության 51 հոդվածի համաձայն ՀՀ իրավունքը՝ դիմել պաշտպանական գործողությունների: Ղիյամադդինլու բնակավայրից 4կմ հարավ ծավալված Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի ոչնչացումը ՀՀ տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ ագրեսիայի ենթարկված երկրի օրինական պաշտպանության եղանակ է: Օրինական թիրախ են նաեւ ՀՀ դեմ ագրեսիայի գործիք աթս-ների կառավարման շարժական կայանքներն ու անձնակազմերը ԼՂՀ օկուպացված այլ տարածքների վրա:
 
Ակնա կենտրոնը կամ պիտի վերացվի, կամ հրադադարի հսկողության նպատակով ընդունի հայկական 60 հոգանոց ջոկատ՝ հետախուզման համապատասխան միջոցներով հանդերձ: Ընտրությունը «հաղթանակած» եռյակինն է»:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media