Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ

02-08-2021 19:05:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ութերորդ գումարման Ազգային ժողովը երկրորդ անգամ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանին:
 
 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր: Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն:
 
«Հայաստան» խմբակցության թեկնածու Մխիթար Զաքարյանը և «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Արթուր Սարգսյանը ձայներ չէին ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:
 
Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց՝ այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը: Նա բոլորի անունից շնորհավորեց Սիմոնյանին: Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:
 
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:
 
 Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան  մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
 
Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): 
 
Օգոստոսի 2-ին ԱԺ նախագահի առաջին ընտրությունն ընդհատվել էր, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ էր եղել, անցկացվել էր նոր ընտրություն:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media