ՀՀ-ում Իրանի դեսպանը այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

03-08-2021 17:38:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: 

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:
 
Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։
 
Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media