«Այցելելով CWR ընդգծել ենք մեր մոլորակի, կլիմայի, բնության և կենդանական աշխարհի մասին հոգ տանելու կարևորությունը»․ Բրիտանական դեսպանատան աշխատակիցներն այցելել են CWR

22-09-2021 15:18:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հանձնառու լինելով կլիմայի և կենսաբազմազանության պաշտպանությանը՝ Բրիտանական դեսպանատան աշխատակիցները, օրերս այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR), որտեղ իրապես հրաշալի ու հագեցած օր են անցկացրել: Այս մասին հայտնել է դեսպանատան պաշտոնական էջը։ 
 
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ստեղծվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Ապաստարանին աջակցող կազմակերպությունների թվում է նաև բրիտանական World Land Trust կազմակերպությունը: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 30000 հա պահպանվող տարածք: Բացի մի շարք վտանգված կենդանատեսակների համար բնակավայր լինելուց, այն նաև միգրացիայի կարևոր միջանցք է հարավկովկասյան կենդանական աշխարհի համար: Այստեղ կարելի է տեսնել կենդանիների այնպիսի հազվադեպ տեսակներ, ինչպիսին, օրինակ, կովկասյան հովազն է։ 
 
British Embassy Yerevan-ը գրել է․ «Կլիմայի փոփոխության համաժողովին՝ #COP26-ին ընդառաջ այցելելով ԿԿԱ՝ մենք ցանկանում էինք ընդգծել մեր մոլորակի, կլիմայի, բնության և կենդանական աշխարհի մասին հոգ տանելու կարևորությունը: Այցելեցինք Էկո կենտրոն և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ ականատես եղանք, թե ինչպես են փրկված արջերը սնունդ հայթայթում վայրի բնության մեջ: Եղանք նաև ծառերի տնկարանում՝ տեսնելու այն վայրի ծառերը, որ ԿԿԱ-ն աճեցնում է` օգնելու բնությանը վերականգնել իր բնական պաշարները: Անչափ ուրախ էինք, որ մեզ հնարավորություն ընձեռվեց ծառեր տնկել ու դրանով նպաստել Հայաստանի կանաչապատմանը: Իսկ շրջագայության ավարտին այցելեցինք Ranger's Campus Eco Lodge-ի փայտյա տնակներ, որոնք կառուցված են էկոլոգիապես մաքուր նյութերով:
 
 «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում» մենք իսկապես հաճելի և օգտակար օր անցկացրեցինք։ Հուսով ենք, որ մենք դեռ կվերադառնանք այնտեղ... »: 
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործում է 2002թ.-ից և FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը Հիմնադրամի առաքելությունն է։ FPWC-ն նպատակ ունի մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
 
 
 
 
 
 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media