Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին

22-09-2021 17:04:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.
 
«ՀՀ վարչապետ
Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան,
 
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: 
 
Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում:
 
Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:
 
Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media