Թուրքիան ինքն է երկար տարիներ «խնդրում» Հայաստանին

23-09-2021 10:23:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
lragir.am. Էրդողանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է իր հետ հանդիպել, ընկալվել է որպես «արտահոսք», որը միտված է խափանել հնարավոր հանդիպումը: Սակայն Էրդողանի հայտարարության մեջ կան հետաքրքիր նրբերանգներ: Որպես հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման պայման՝ Էրդողանն առաջ է քաշում «միջանցքը»:
 
«Այս (Մեղրի) միջանցքի բացումը քաղաքական խնդիր է: Մի կողմից `այս հայտարարությունները (միջանցքը բացելուց Փաշինյանի հրաժարվելու մասին), իսկ մյուս կողմից` ինձ հետ հանդիպելու մտադրությունը, որն, իհարկե, մտորումների տեղիք է տալիս: Եթե ​​ցանկանում ես հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է քայլեր ձեռնարկես (միջանցքը բացելու համար)», ասել է Էրդողանը:
 
Երևանը մեկընդմիշտ պետք է բացառի միջանցքի հարցի քննարկումը և հայտարարի սեփական օրակարգը Թուրքիայի հետ երկկողմ բանակցություններում: Մեղրիի միջանցքի հարցով Թուրքիան և Ռուսաստանը փորձում են Հայաստանին ստիպել հրաժարվել իր իրավունքներից Արցախում, Նախիջևանում, Արևելյան ու Արեւմտյան Հայաստանում, որոնք խլվել են Հայաստանից ռուս-թուրքական պայմանագրերով: Եվ այն, որ Հայաստանն այս հողերի իրավատերն է, նույնիսկ Թուրքիայում չեն վիճարկում. Էրդողանը բազմիցս կոչ է արել Հայաստանին «ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»:
 
Երևանը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում են, որ աշխարհը մտել է նոր դարաշրջան, որտեղ լինելու է դիվանագիտություն, այլ ոչ թե պատերազմներ: Սա նշանակո՞ւմ է, որ համաշխարհային տերությունները (առաջին հերթին ՝ ԱՄՆ-ը) կպնդեն դիվանագիտական ​​լուծումները և չեն ճանաչի ուժի կիրառման արդյունքում «ստատուս քվոն»: Այս ֆոնին, Թուրքիան և Ռուսաստանը փորձում են լեգիտիմացնել Հայաստանի դեմ 2020 թվականի համատեղ հանցավոր արշավը Հայաստանի ձեռքով:
 
Չնայած Էրդողանի հռետորաբանությանը, իրականում Թուրքիան ինքն է երկար տարիներ «խնդրում» Հայաստանին`ճանաչել իր սահմանները, չմեղադրել ցեղասպանության մեջ, չհիշեցնել իրենց նախնիների ժառանգության մասին, չխոսել այն մասին, թե քանի թուրք քաղաքացիների երակներում է հոսում հայկական արյուն։
 
Չնայած Մոսկվայի ու Անկարայի համատեղ ջանքերին՝ միշտ հնչելու են «Պոլիս, Նախիջևան, Արցախ, Սևրի պայմանագիր, Հայկական լեռնաշխարհ-Անատոլիա, Կիլիկիա»: Չափազանց մեծ է հայկական պատմական ու քաղաքակրթական հիմքը այն համատեղ հանցակցությամբ ջնջելու եւ մոռացության տալու համար։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media