Թեհրանը Բաքվին ակնարկում է շիա թալիշների խնդրի մասին

23-09-2021 12:09:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Իրանի հյուսիսային տարածքներ մեծ քանակությամբ ծանր զինտեխնիկա եւ զինուժի տեղափոխումն ուղիղ արձագանքն է այն գործընթացների, որոնք ծավալվում են Ադրբեջանում: Այնտեղ ամենամսյա ռեժիմով տեղի են ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց սկսել է հաճախ միանալ նաեւ Պակիստանը: Այդ ռազմական միջոցառումների առաջնային թիրախները հայկական երկու պետությունն են, իսկ այն, որ դրանք հաճախ անցկացվում են ՀՀ Սյունիքի մարզի սահմանին եւ Նախիջեւանում, ոչ անհիմն ենթադրությունների առիթ է տալիս, որ զորավարժությունների առաջնային նպատակն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ հստակ ուժային մեսիջների փոխանցումն է: Սակայն ուժի ցուցադրմամբ բանակցային գործընթացի վրա ճնշումներ գործադրելու փորձերը հեռանկար չունեն, քանի որ խոսքը ՀՀ սուվերեն տարածքների մասին է, իսկ վերջինս ՄԱԿ-ի դիրեկտիվների ներքո, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական միավորման անվտանգային համակարգում է:
 
Այդուհանդերձ, նախորդ շաբաթ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածի փակումը, այնուհետեւ իրանցի երկու վարորդի կալանավորումը հստակ ուղերձ էին, որ վերոնշյալ եռյակի առաջնային թիրախներից մեկը նաեւ Իրանն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք նախկինում նման հանդուգն բացահայտ դեմարշ չէր արել Իրանի դեմ: Վերջին իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանին թուրք-պակիստանյան ռազմական դաշինքում ներառելը եւ նրա զինված ուժերը վերջիններիս բանակների չափանիշներով ինտենսիվ վարժեցնելն ուղղված են նաեւ նրա հարավային հարեւանի դեմ: Եռյակն իրանցի վարորդներին ձերբակալելու քայլով փորձեց նախնական շոշափել Թեհրանի տրամադրությունները՝ ստուգելով վերջինիս արձագանքի հնարավորությունները: Իսկ դա իրեն սպասեցնել չտվեց: Իրանը զինտեխնիկան առաջին հերթին տեղափոխեց Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների սահմանային հատված՝ հստակ եւ թափանցիկ ուղերձ հղելով, որ Ադրբեջանի ներքին հիմնական գլխացավանքը՝ շիա թալիշների խաղաքարտը, միշտ էլ Իրանի ձեռքում է եղել, եւ անհրաժեշտության դեպքում այն գործի կդնի: Պարզ է, որ իրադարձությունների նման զարգացում կարող է լինել միայն ծայրահեղ դեպքում, եւ ամենեւին պարտադիր չէ, որ Իրանն անմիջականորեն ներգրավվի թալիշների ընդվզմանը: Պաշտոնական Թեհրանն այսօր զորքերի տեղաշարժով միայն զգուշացնում է:
 
Այս ամենի տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ այն, որ իրանական զինուժի համալրում է արվել նաեւ Նախիջեւանի հետ սահմանին, որտեղ օրերս կրկին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Իրանի Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին էլ կnշտ քննադատnւթյան ենթարկեց Ադրբեջանին եւ Թուրքիային՝ շեշտելով, որ Բաքուն Իսրայելին է վաճառել իր արժանապատվությունն ու պատիվը: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի գործողությունների վրա մեծ ազդեցություն ունի Իսրայելը: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իրեն ուղղված՝ Իրանի այդ ազդեցիկ ժեստերն արագ կընկալի եւ առժամանակ կդադարեցնի վերջինիս դեմ նման գործողությունները: Առավել եւս, որ այդ գործողությունները հիմնավորելու Բաքվի փաստարկը, թե իրանական բեռնատարները հասնում են Արցախի Հանրապետություն, այնքան էլ համոզիչ չէ, քանի որ երբեք գաղտնիք չի եղել, որ այդ երկրի բեռնատարները երթեւեկել են Արցախ՝ տեղի քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ բեռների՝ հեղուկ գազի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման համար: Տասնամյակներով բոլորին հայտնի իրականության մասին Բաքվի հանկարծակի հիշելը միայն իր «ավագ եղբորից» ստացած հրահանգի կատարում կարող է լինել:
 
Հատկանշական է, որ ադրբեջանաիրանական լարվածության այս ֆոնին Թուրքիան էլ զինուժ է տեղափոխել Իրանի հետ սահմանային հատված: Այնտեղ իրանական ՀՕՊ համակարգերն արդեն արձանագրել են թուրքական «Բայրաքթարի» հետախուզական թռիչքը: Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ներքին լարվածության՝ ռազմական փուլի վերածվելու հավանականությունը քիչ է առաջին հերթին այն պատճառով, որ դրան դեռ պատրաստ չեն Թուրքիան եւ Պակիստանը: Վերջիններիս ուշադրությունն այսօր ուղղված է Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին, հետեւաբար կանխատեսվում է, որ այս փուլում Ադրբեջանը մեծ արագությամբ ազատ կարձակի իրանցի վարորդներին եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհով իրանական բեռնատարների երթեւեկության համար որոշակի փոխհամաձայնության կգա Թեհրանի հետ:
 
Սակայն ակնհայտ է, որ կատարվածն ապագա զարգացումների նախերգանքն է: Վերոշարադրյալ զարգացումներն ավելորդ անգամ փաստում են, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի ակտիվացումն Անդրկովկասում եւ նաեւ հարակից տարածաշրջանում ուղղված է Հայաստանի, հետեւաբար, նաեւ ՀԱՊԿ-ի եւ միաժամանակ մեր բնական դաշնակից Իրանի դեմ: Թերեւս, սա էր ակնարկում Իրանի նախագահ Ռայիսին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ հղած ուղերձում արձանագրելով, որ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել երկու երկրի կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը եւ համագործակցության նոր ոլորտների բացահայտումը: Միանշանակ է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար դաշնակցային հարաբերությունների օգտագործումը Հայաստանի առաջնային մարտավարական նպատակն է:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media