«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

24-09-2021 12:50:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին՝ բոյկոտելով նիստում ընդգրկված՝ համայնքների խոշորացմանը վերաբերվող հարցերը՝ այն համարելով ապօրինի և սահմանադրությանը հակասող:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը «Հայաստան» խմբակցության գնահատմամբ չի համապատասխանում ՀՀ սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
 
«Այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ մենք հետամուտ ենք լինելու հետագա իրավական ընթացքին: Հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան ընթացակարգով այս հարցի վիճարկում»,- ասաց Մինասյանը՝ կրկին ընդգծելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս ապօրինություններին:
 
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն, իր հերթին, նույնպես հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը չի մասնակցելու օրակարգի քննարկմանը:
 
«Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերն՝ առաջին հերթին իրենց ընտրությունը, համայնքների խոշորացման տրամաբանության ընտրությունը քաղաքական անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակն է հետապնդում: Միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ասաց Մամիջանյանը:
 
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հեռացան Ազգային ժողովի նիստերի դահլիճից:
 
Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացում:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media