50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ. Հասմիկ Լեյլոյան

24-09-2021 12:57:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանին   տասնամյակներ շարունակ տեսել ենք հայաստանյան տարբեր բեմերում՝ կարեւոր ու նշանակալի համերգներին։ Նա համագործակցել է հայ եւ օտարազգի ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետ՝ ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հիբա Ալ Քավազը, Պեդրո Յուստաշը,  Դավիդ Կուչերմանը, Նադիշանան, Վադիհ էլ Սաֆին, իսկ  կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանի հետ համագործակցությունն ավելի քան 30 տարվա  պատմություն ունի։ 
 
Հասմիկ Լեյլոյանն ունի միջազգային մեծ ճանաչում եւ ընդգրկված է Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի 21 երկրներում հրատարակված հանրագիտարաններում, նա համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։ 
 
Քանոնի հայկական հնչողությունը, կատարողական նոր առանձնատակությունները  սերունդներին փոխանցելու համար նա հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ ու ձեռնարկներ, որոնք նաեւ ներառում են հայկական  ժողովրդական եւ դասական ստեղծագործությունների փոխադրումներ քանոնի համար։ Հասմիկ Լեյլոյանն  ունի ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդային անհամար ձայնագրություններ, տասնյակ ձայնասկավառակներ։  
 
Առաջին հանդիպումը քանոնի հետ
 
9-10 տարեկան էի. ծնողներս որոշեցին ինձ երաժշտական կրթության տալ։ Սկզբնական շրջանում այցելել եմ  քաղաքային «Պիոներ պալատ». ժողգործիքների շատ լավ անսամբլ ունեին։ Քանոնի առաջին ուսուցիչս էլ եղել է Հակոբ Արաբյանը։ Մեկ տարի գործիք չեմ ունեցել, բայց հետո ծնողներս ինձ համար գնեցին ամենալավ  ու թանկ գործիքը, որ պատրաստել էր հայտնի վարպետ Հակոբ Երիցյանը։ Նա նմանատիպ երեք քանոն  էր պատրաստել, մյուս երկուսը նվագում էին ավելի փորձառու եւ տարիքով  քանոնահարներ, բայց չգիտես ինչու, դրանք վնասվեցին, ջարդվեցին։ Վարպետ Հակոբը շատ էր հետաքրքրված, ուզում էր իր համար ի վերջո պարզել՝ ինչպես է եղել, որ նույն գործիքից երեք հատ պատրաստել է, երկուսը վնասվել են, իսկ իմը մինչեւ հիմա մնում է, իմ տանն է։  Ես դրանից հետո շատ նվագարաններ եմ ունեցել, բայց իմ առաջին քանոնն իր առանձնահատուկ տեղն ունի։ Շատ եմ սիրում այդ գործիքը, որովեհետեւ թանկ ու հարազատ է, եւ բազմաթիվ ջերմ հուշեր կան նրա հետ կապված։ 
 
Եղբայրս՝ Արտաշես Լեյլոյանը, որը   ճանաչված երաժիշտ եւ խմբավար էր,  նույնպես մեծ ներդրում է ունեցել որպես երաժիշտ՝ իմ կայանալու ճանապարհին։ 1990-ականների ծանր տարիներին նա ստեղծեց ժողգործիքների «Հայկ» նվագախումբը՝ համախմբելով եւ միավորելով  բազմաթիվ երաժիշտների։ Ցավոք,եղբայրս անժամանակ կյանքից հեռացավ։ 
 
Առաջին լուրջ հաջողությունները. մենահամերգ
 
Ընդունվեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ միանգամից 3-րդ դասարան. այնուհետեւ ուսումս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումանարանում։ Ընդունվելիս տնօրենը՝ Գոհար Հարությունյանը, երբ լսեց նվագս, հենց քննության օրն ասաց, որ ես  քանոնի բաժնում սովորելու ոչինչ չունեմ, որովեհտեւ այն, ինչ նվագեցի,  շատերն ուսումնարանն ավարտելիս անգամ չէին  նվագում։ Նա առաջարկեց ինձ տեղափոխվել կա՛մ տեսական, կա՛մ դիրիժորական բաժին, բայց ես դեռ դպրոցական տարիներից արդեն իսկ մտածում էի գործիքի կատարողական զարգացման մասին եւ որոշեցի մնալ քանոնի բաժնում։ Սակայն միաժամանակ ցանկանում էի նվագել արֆա (տավիղ), քանի որ այդ նվագարանի հնարավորություններն ավելի մեծ են։  
 
Նվագում էի այնպիսի բարդ  ստեղծագործություններ, որոնք դեռ ոչ ոք քանոնով չէր կատարել, ինչպես Գունոյի «Վալպուրգյան գիշերներ» բալետից հայտնի վալսերը։ Առաջին մենահամերգս կայացավ 1974 թվականին՝  երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո։ Այն կազմված էր երկու բաժնից, որտեղ հնչեցին  Սարասատեի, Սեն-Սանսի, Ալբենիսի, Շոպենի եւ այլ կոմպոզիտորնբերի դասական վիրտուոզ ստեղծագործություններ, որոնք գրված էին ջութակի, դաշնամուրի համար եւ տեխնիկապես քանոնի համար չէին նախատեսված։ Դրա համար էլ պահանջվում էին կատարողական  նոր ձեւեր, որպեսզի հաղթահարեի նման բարդ ստեղծագործությնունները   քանոնով կատալեու դժվարությունները։ Ինձ հետաքրքրում էին կատարման նոր ձեւերը, նոր տեխնիկան, որպեսզի հնարավոր լիներ նոր խոսք ասել քանոնի ասպարեզում։ 
 
Ես պարզ տեսնում էի, որ լավ ապագա եմ ունենալու, քանոնի միջոցով  կարողանալու եմ ինքնադրսեւորվել, իմ անհատական խոսքն ասել երաժշտության ոլորտում։ Այդպես էլ արեցի՝ աշխատելով, Աստծո տված շնորհքը զարգացնելով ու կատարելագործելով։
 
Խաչատուր Ավետիսյանը
 
Կոնսերվատորիայում ժողգործիքների բաժին դեռ չկար. ես Հայպետֆիլհարմոնիայում աշխատում էի՝ որպես մենակատար, ի դեպ, այնտեղի առաջին եւ միակ  մենակատարն եմ եղել։ Միաժամանակ աշխատում էի Մոսկվայի «Սոյուզկոնցերտում»։ Ամենաբարձր վարձատրվող երաժիշտներից էի։ 
 
 Ֆիլհարմոնիայում էլ հենց ծանոթացա կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ։ Նա Պարի պետական անսամբլի գործիքային  մասի ղեկավարն էր, որը կարճ ժամանակ անց էլ  դարձավ Թաթուլ Ալթունյանի  անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը եւ ինձ հրավիրեց աշխատելու այնտեղ։ Ես դժվարությամբ համաձայնեցի, որովհետեւ շատ զբաղված էի իմ համերգներով եւ տարբեր երկրևներիից հրավերներով։ Մոտ 8 ամիս անսամբլում աշխատելուց հետո տեսա, որ ֆիզիկապես չեմ հասցնում։ 
 
Երեք անգամ աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել, երեքն էլ նա պատռել է, բայց մի օր ուղղակի էլ չգնացի երգի-պարի անսամբլ։ Իմ այդ քայլով Վարպետին  նեղացրի. ջահել էի։ Հիմա այդպես հաստատ չէի անի։  
 
Մեկ-երկու ամսից կոմպոզիտորն ինձ կանչեց ձայնագրության. գնացի։ Նա ասաց՝ վաղվանից կգաս աշխատանքի։ Ես նրան երկրորդ անգամ մերժեցի ու երկրորդ անգամ նեղացրի՝ ոչ միտումնավոր։ 
 
Հատուկ քանոնի համար ստեղծագործություններ գրած առաջին կոմպոզիտորը եղել է Խաչատուր Ավետիսյանը։ Նրա՝ քանոնի համար գրված կոնցերտով էլ ընդունվել եմ երաժշտական ուսումնարան։ Կոմպոզիտորն  ինքն էլ հրաշալի քանոն է նվագել։ Ափսոս, որ նրա ձայնագրությունները չեն պահպանվել՝ բացի «Էշխեմետ»-ից, որը հնչում է «Սայաթ-Նովա» ֆիլմում։
 
 Առաջներում  ընդունված է եղել, որ քանոն տղամարդիկ նվագեն, ոչ թե կանայք։ Հենց Խաչատուր Ավետիսյանն էլ աղջիկների խումբ է հավաքել, քանոն նվագել սովորեցրել, անսամբլ ստեղծել՝ ջարդելով կարծրատիպը. դրանից հետո քանոնը մեզանում  սկսել է ընկալվել՝ որպես աղջկա գործիք։  Չնայած մինչեւ հիմա ամբողջ աշխարհում ավելի շատ տղաներն են քանոն նվագում։ 
 
Քանոնի հայկականը քանոնը հայերեն նվագելն է
 
Մի առիթով հարցրին՝ քանոնը հայկակա՞ն գործիք է։ Պատասխանեցի. «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը եղել է ծովից ծով, ուրեմն իր մշակույթով ազդել է նաեւ մյուս ազգերի վրա»։ 
 
Քանոնը շատ տարածված գործիք է, արաբական աշխարհն այն նվագում է իր լադերին համապատասխան, պարսիկները՝ իրենց երաժշտությանը եւ այլն։ Հայկականն էլ իր յուրահատկություններն ունի, որ ոչ մի ազգի նման չէ։ Գործիքի՝ մեր լարվածքն ուրիշ է, նրանցը՝ ուրիշ։ Կարեւորը՝ հայկականը պահել-պահպանելն է։
 
Տարբեր երկրներից ինձ հրավիրում են համերգների. նրանց հետաքրքրում է  մե՛րը, հայկակա՛նը, ազգայի՛նը։ Ես երբեք օտարների կատարման ձեւերը չեմ ընդօրինակի, որովհետեւ մենք ունենք մերը։ Մենք այն ազգն ենք, որն ունի իր ազգային դեմքն ու ավանդույթները. Դրանք պետք է պահել-պահպանել եւ զարգացնել,  ոչ թե փորձել ընդօրինակել օտարին ու փչացնել մեր ազգային արվեստի, մշակույթի դեմքը։  
 
Ես մի պատմություն գիտեմ։ Երբ եղբայրս սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, նրանց կուրսում Ասյա անունով մի աղջիկ կար՝ Բաքվի հայ։ Նա այստեղ քանոն նվագել սովորեց, վերադարձավ Բաքու եւ այնտեղ ադրբեջանցիներին սկսեց  քանոն նվագել սովորեցնել։ Ադրբեջանցիներն, իհարկե, հետո սկսեցին  նվագել իրենց բնորոշ ձեւով, բայց գործիքը նվագելու հիմքը նրանց մոտ հայկական է։ 
 
50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ՝ մի բան էլ ավելի
 
Այն, ինչ արել եմ 50 տարվա ընթացքում, չեմ զղջում։ Եթե 50 տարի հետ գնայի, նորից նույն ճանապարհը կանցնեի, բայց ավելին կանեի։ Վերջին երեք տարում ու հատկապես մեկուկես տարում հնարավոր չէր լիարժեք աշխատել, մի տեսակ ամեն ինչ կարծես արժեզրկված լինի։ 
 
Քովիդի պատճառով  արտասահմանյան շատ համերգներ չեղարկվեցին։ Բայց հիմա էլ առցանց աշխատում եմ։ Արաբական Միացյալ էմիրությունների Արվեստի համալսրանաւոմ առցանց դասախոսություններ եմ կարդում եւ ծանոթացնում հայկական քանոնի կատարման առանձնահատկություններին։ Նաեւ համերգների հրավերներ ունեմ, որոնք գործնական ընթացքի մեջ են, թեեւ  քովիդը  շատ է խանգարում։ Պայմանավորվում ես ինչ-որ բան, բայց մեկ էլ խափանվում է։ 
 
Դասավանդում եմ, ամեն օր աշխատում եմ, համերգների ենք պատրաստվում, բայց չեմ կարողանում լիարժեք զբաղվել իմ գործով, որովհետեւ այն, ինչ կատարվում է   մեր հայրենիքում, չի կարող չազդել ինձ վրա, չի կարող չցավեցնել ինձ։ Ես հիմա հույսս միայն Աստծո վրա եմ դրել, միայն Նրա հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս։
 
Հիմա մտավորականներին ու արվեստագետներին շատ են մեղադրում, որ  բողոքի ձայն չեն բարձրացնում, բայց դա այդպես չէ։ Կան շատ նվիրյալ, իրական արվեստագետներ, որոնք իսկապես անհանգստացած են մեր երկրի համար, պարզապես ազգ, հայրենիք, արժեքներ չգանահատող ու մերժող պատնեշի են հանդիպել եւ այդ պատնեշն ստեղծողների հետ շփման եզրեր բացարձակ չունեն։
 
Կարծում եմ, որ շատ շուտով Աստծո օրհնությամբ մեր ազգը լիովին կբացի իր աչքերը եւ թույլ չի տա իր հայրենիքի, պետության եւ մշակույթի կործանումը։ Աստված պահապան մեզ եւ մեր երկրին։
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media