Կառուցվող նոր ճանապարհահատվածով կկրճատվի Սիսիան-Քաջարան երթուղին. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

24-09-2021 13:05:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Հայկական ժամանակ. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՏԿԵ նախարարության նախագծին, որով նախատեսվում է կառուցել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված:
 
Այդ թվում՝ նախատեսվում է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը՝ Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ և դրանց հետ կապված այլ գործողություններ:
 
Նախագծողի կողմից նախապատրաստված նախահաշվի համաձայն՝ շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ:
 
Ծրագրի իրականացման արդյունքում կկրճատվի Սիսիան-Քաջարան երթուղին՝ ապահովելով Արևելքից դեպի Արևմուտք բեռնափոխադրումների և տրանսպորտային տեղաշարժի տարանցիկ ուղի դառնալու նպատակը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի այս շատ կարևոր ռազմավարական հատվածի կառուցումը կապահովի ավելի դյուրին, հարմարավետ երթևեկություն Հայաստանի հարավային սահմանից դեպի Վրաստանի սահման և թույլ կտա ուղևորների և բեռների փոխադրումներն իրականացնել բարձր ստանդարտներին համապատասխան կառուցված ճանապարհային հատվածով:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հաջորդը Գյումրի-Թալին հատվածն է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են այժմ իրականացվում:
 
«Մենք պլանավորում էինք, որ 2020 թվականին Թալին-Գյումրի մեկ ուղղությունը պետք է շահագործման հանձնվեր, բայց կորոնավիրուսի համավարկի հետ կապված՝ մեր օտարկերկյա գործընկերները չկարողացան ժամանել Հայաստան: Այս տարի ամբողջ ծավալով տեղի են ունենում աշխատանքներ»:
 
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ իր կողմից տրված վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է.
 
«Կարծում եմ՝ մինչ հոկտեմբերի 20-ը մենք կունենանք մեկ ուղղությամբ բացված Գյումրի-Թալին ճանապարհահատված»: Վարչապետն էլ ընդգծեց, որ Աշտարակ-Թալին ուղղությամբ նույնպես մնացել է հատված.
 
«Բարդություններ կային Հյուսիս-հարավի իրագործման մեջ տեխնիկական առումներով: Թալին-Գյումրի հատվածի վերջին շերտը որոշում է կայացվել իրականացնել ասֆալտ բետոնե ծածկով, դա կախված է նախկին աշխատանքները վերլուծելու հետ: Բանավեճեր են տեղի ուենցել, և մենք հասկացել ենք, որ մեր կլիմայական պայմաններին ավելի հարմար են ասֆալտ բետոնե, քան միայն բետոնե ծածկերը: Հույս ունեմ, որ մենք շահագործման ընթացքում կտեսնենք կայացված որոշումների արդարացվածությունը»,- ընդգծեց Փաշինյանը:
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media