Պատվաստումներին և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով ընդդիմությունը կդիմի ՍԴ

24-09-2021 14:28:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն Առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
 
Համաձայն այդ հրամանի՝ հոկտեմբերի 1-ից սկսած  աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատը, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
 
«Արդեն իսկ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են. Առողջապահության նախարարի շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ խնդրելով կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Արամ Վարդևանյան։
 
Նա նշեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։
 
«Այսինքն, մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է Կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։ Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։
 
2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media