«Ադրբեջանը նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում, պատրաստ է խաղաղության», պնդել է Ալիևը ՄԱԿ-ում

24-09-2021 14:33:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
civilnet.am. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, և Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ սահմանազատման ու սահմանագծման, միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա»։
 
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ Ալիևն իր ելույթում հույս է հայտնել, որ «Հարավային Կովկասում վերջապես կհաղթի երկար սպասված խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»։
 
Խոսելով խաղաղության բանակցությունների մասին՝ նա կոչ է արել Երևանին «ընտրություն կատարել համագործակցության ու տարածքային հավակնությունների միջև»։
 
«Հակամարտությունն ավարտվել է, դրա համար Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ սահմանազատման ու սահմանագծման, միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա։ Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի։ Սակայն մենք դեռ չենք տեսնում Հայաստանից դրական արձագանք՝ ի պատասխան մեր առաջարկի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, որ խաղաղության նպաստող նախագծերից կարող են լինել տրանսպորտային նախագծերը։
 
Այս համատեքստում Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի մասին, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ»։
 
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը «նոր իրողություն» է ստեղծել Հարավային Կովկասում, և դա պետք է հաշվի առնի յուրաքանչյուրը։ Նա նաև ասել է, որ «լուծել է 30-ամյա հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով՝ վերականգնելով ոչ միայն իր տարածքային ամբողջականությունը, այլև պատմական արդարությունը»։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media