Անկարան եւ Բաքուն իրենց գործողությունները չեն համաձայնեցրել Մոսկվայի հետ

24-09-2021 15:32:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
«Հայասատանի Հանրապետություն օրաթերթ». Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կժամանի Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար: Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործիչները բավական լավ են հասկանում միմյանց, սակայն սխալ կլինի կարծել, որ երկու երկրները բոլոր հարցերում նույն դիրքորոշումներն ունեն: Բավական է նշել, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից եւ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին Էրդողանն օրերս հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հրաժարվել է ճանաչել Ղրիմում կայացած Պետդումայի ընտրությունները՝ շեշտելով, որ դրանց արդյունքներն իրավաբանական ուժ չունեն Անկարայի համար, որը ՌԴ-ին թերակղզու միացումն անօրինական է համարում:
 
Եվ այս ամենը՝ Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցի նախօրեին… «Ռուսաստանը՝ գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի խոսքերով՝ այդ հանդիպումից չարժե իրական պայմանավորվածություններ ակնկալել: «Նրանք երբեք չեն հանդիպում, որպեսզի պարզապես միմյանց ձեռք սեղմեն: Ռուսաստանը տարբեր երկրների հետ տարբեր հարաբերություններ ունի, այդ թվում՝ ֆորմալ: Բայց Թուրքիայի հետ դրանք ձեւական չեն, հագեցած են իրական հարցերի հսկայական քանակով, որոնց ուղղությամբ մշտական ռեժիմով անհրաժեշտ է վարել շատ բարդ առեւտուր, ինչը եւ արվում է: Այն, որպես կանոն, ինչ-որ պահի մտնում է փակուղի, եւ այդ ժամանակ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման կարիք է զգացվում»,- բացատրել է Լուկյանովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաների մասին, ասել է, որ «օրակարգը բավական լայն կլինի»: Նա միեւնույն ժամանակ առանձնացրել է Սիրիայի թեման:
 
Փորձագետները կարծում են, որ հատուկ ուշադրություն կդարձվի սիրիական Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակին, որտեղ ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին: Ինչպես գրում է «Գազետան», Լուկյանովը վստահ է, որ իդլիբյան ճգնաժամի հարցում փոխզիջում գոյություն չունի, քանզի Ռուսաստանն ու Թուրքիան այդ տարածաշրջանում «տրամագծորեն հակառակ հետաքրքրություններ ունեն»: «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք մեկ անգամ չեն ձեռք բերվել՝ այնտեղից գրոհայինների դուրսբերման մասին, որ Թուրքիան ինչ-որ տեղ կտանի նրանց, որովհետեւ այնտեղ մեծ զորակազմ ունի, չեն աշխատում»,- նշել է Լուկյանովը: Բանակցություններից հետո «Թուրքիան մեծ գործընթաց է սկսում», այնուհետեւ «Ռուսաստանի կողմից ռազմական ճնշման փուլ է նկատվում», ներառյալ՝ ռմբակոծությունները, հետո «նրանք նստում են խոսելու»: «Որովհետեւ Թուրքիային ավելորդություններ պետք չեն: Իսկ ավելորդությունն առաջին հերթին այն է, եթե մարդկանց բազմությունը շտապում է նրանց տարածք»,- պարզաբանել է փորձագետը: «Այստեղ լուծում չկա, կա անվերջ գործընթաց: Եվ սա վկայում է ոչ թե այն մասին, որ ամեն ինչ վատ է, այլ ընդհակառակը, որ ամեն ինչ լավ է: Արդեն վեց տարի է՝ ինչ-որ հրաշքով հաջողվում է խուսափել ուղղակի բախումից: Սա շատ մեծ ձեռքբերում է»,- ընդգծել է Լուկյանովը: Իր հերթին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ամուր Հաջիեւը կարծում է, որ Սիրիայում իրավիճակը «հեռու է ավարտից» մի շարք օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներով, թե ինչու Թուրքիան չի շտապում կատարել իր պարտավորությունները: «Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ չնայած Սոչիի պայմանավորվածություններին եւ պարտավորություններին, որոնք ստանձնել է Թուրքիան, այդ պայմանները դեռ չեն կատարվել»,- հիշեցրել է Հաջիեւը: Նա կանխատեսել է, որ առաջիկա հանդիպման ընթացքում Պուտինն ու Էրդողանը նոր փաստաթուղթ կստորագրեն Իդլիբի վերաբերյալ:
 
«Նախագահներն իզուր չեն հանդիպի, նրանք կստորագրեն ինչ-որ բան եւ բավական նշանակալից բան, որը լույս կսփռի կարգավորման հետագա գործընթացի վրա: Ինձ թվում է, որ Իդլիբի վերաբերյալ որոշ համաձայնագրեր կստորագրվեն, կլինի որոշակի պայմանավորվածություն, քանի որ դիվանագիտական մակարդակով աշխատանքները շատ ինտենսիվ էին ընթանում»,- ամփոփել է փորձագետը: Հաջիեւի կարծիքով՝ Պուտինի ու Էրդողանի բանակցություններում կարեւոր թեմա է իրավիճակն Աֆղանստանում, որը օգոստոսի 15-ից վերահսկվում է «Թալիբան» խմբավորման կողմից: «Այնտեղ նույնպես թուրք-կատարա-պակիստանյան որոշակի ջանքեր կան: Հետաքրքիր է խոսել, թե ինչի դրանք կհանգեցնեն, ինչ բովանդակություն, նպատակներ, խնդիրներ ունեն: Որովհետեւ հայտնի է, որ գոյություն ունեն Շանհայի համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություններ, պլանավորվում է ՇՀԿ-Աֆղանստան համաժողով: Ի՞նչ դեր կարող է խաղալ նշված կազմակերպության գործընկեր Թուրքիան այդ ձեւաչափում: Այստեղ քննարկման դաշտ կա»,- կարծում է Հաջիեւը: Լեռնային Ղարաբաղի շուրջ գլխավոր հարցը, ըստ նրա, կապված է թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ, որոնք անցկացվել են սեպտեմբերի սկզբին: «Այնտեղ Ռուսաստանի հետ չհամաձայնեցված գործողություններ են կատարվել, քանզի Լաչինի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն այնքան էլ չեն ընդգրկվում ռուս-թուրքական պայմանավորվածությունների կոնցեպցիայում, որի համաձայն՝ ռուսական զորակազմը ներկա է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Հաջիեւը: Դա մի հարց է, «որի վերաբերյալ Ռուսաստանը կցանկանար հստակ հիմնավորված պատասխան ստանալ»:
 
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել Արեւելյան Միջերկրածովյանում ու Լիբիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ C-400 ՀՕՊ համակարգի երկրորդ խմբաքանակի մատակարարման, ատոմակայանի շինարարության եւ «երկկողմ ընդարձակ քաղաքականության այլ հարցեր»: Սակայն, ինչպես նշեցինք սկզբում, բանակցությունների համար բացասական ֆոն է ստեղծում Ղրիմի վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունը: Կրեմլի արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: «Մենք, իհարկե, ափսոսում ենք, որ նման հայտարարությունները հնչում են հիմա, երբ աշխատանքային այց է պատրաստվում Ռուսաստան: Ինչ վերաբերում է այդ դիրքորոշմանը, այն մեզ լավ հայտնի է: Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ կաշխատենք թուրքական կողմի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը: Այդուհանդերձ, Ամուր Հաջիեւը կարծում է, որ Ղրիմի թեման եւ այդ հայտարարությունը Սոչիի բանակցություններում չեն քննարկվի: «Ղրիմը փակ հարց է, եւ Թուրքիան հիանալի հասկանում է, որ այն ռուսական տարածք է: Հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում եւ առաջիկա զրույցի մթնոլորտի վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա»,- վստահ է փորձագետը: Ռուս հայտնի քաղաքագետ, արեւելագետ Եվգենի Սատանովսկին, գնահատելով Անկարայի՝ Ղրիմի թերակղզու ընտրությունները չճանաչելու որոշումը, հանգել է եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ բոլոր միջոցներն ունի, որոնք կթույլատրեն արժանի պատասխան տալ Թուրքիային: Եվգենի Սատանովսկին իր հեղինակային տելեգրամյան ալիքում առաջին հերթին ուշադրություն է դարձրել, որ Մոսկվան պետք է ամենակոշտ ձեւով պատասխանի Թուրքիայի հարձակումներին՝ չսահմանափակվելով դիվանագիտական միջոցներով, քանի որ նման մոտեցումը մեծ դեր չի խաղում միջազգային ասպարեզում:
 
Ռուսաստանի ղեկավարությունը պետք է իրականացնի նոր ռազմավարություն, որի համաձայն՝ ձեռք կառնվեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են լուրջ հարված հասցնել Անկարային ու թուրքական իշխանություններին: Ըստ քաղաքագետի՝ Մոսկվան, օրինակ, կարող է ռազմական օպերացիա սկսել Սիրիան թուրքամետ խմբավորումներից մաքրելու ուղղությամբ, ինչպես նաեւ աջակցել քրդերի շարժմանը: Սատանովսկին վստահ է նաեւ, որ Մոսկվան Թուրքիայի վրա ճնշման այլ լծակներ էլ ունի, որոնք արժանի արդյունքներ կապահովեն: Այսպես՝ ռուսական ղեկավարությունը կարող է խզել Անկարայի հետ տնտեսական համագործակցությունը, ինչը ցավագին հարված կհասցնի թուրքական ֆինանսական համակարգին: Բացի այդ, Ռուսաստանը կարող է հրաժարվել ավելի վաղ կնքված համաձայնագրերի պայմանների կատարումից, լիովին խզել համագործակցությունը տարբեր ոլորտներում:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media