Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար. ՀՀ վարչապետ
24-09-2021 16:24:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
24-09-2021 16:24:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին:
Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ:
Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան», «Զինվորն ու փիղը», «Քաոս» հայ կինոարվեստի հարուստ ժառանգության նշանակալի մասն են: Պարոն Աթոյանցի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել հայ կինոյի այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Քեոսայանը, Հենրիխ Մարգարյանը և այլք: Այդ համագործակցության արդյունքում էլ կերտվել է հայկական կինոյի հարուստ ժառանգության մի նշանակալի մասը:
Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ: Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, հայկական կինոյի ներկայացուցիչներին և կիսում նրանց վիշտը»:
Նոյյան տապան
- Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից