Ինչքան այդ էներգիան կուտակվեց, այնքան ավելի վտանգավոր կլինի դրա պարպումը

24-09-2021 21:01:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Լրագրի զրուցակիցն է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը
 
Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար: Նախորդ ԱԺ-ն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը և հենց այդ հոդվածով էլ հարուցվել է քրեական գործը, որը նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով: Ինչպես եք գնահատում սա, արդյոք վտանգներ տեսնում եք այստեղ:
 
Իրականում այն, որ ատելությունը, հայհոյանքը, ոչ ընդունելի բառապաշարը մաս են կազմում մեր քաղաքական կյանքի, շատ ցավալի է: Բայց նաև այս իշխանություններն են մեղավոր, որ մենք ունենք այսպիսի պատկեր: Մյուս կողմից էլ, իհարկե, ընդունելի չէ նման օրենքը, որովհետև անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ապաքրեականացվեց այդ հոդվածը, և դա ողջունվեց քաղաքակիրթ աշխարհի կողմից: Այնպես որ, ոչ մի դրական բան չեմ տեսնում նման օրենք ընդունելու մեջ: Հանրությանը կրթելու, բռնությունը և վիրավորանքը մերժելու փոխարեն այս իշխանությունն ընտրեց շատ բարդ ճանապարհ, և ես չեմ կարծում, որ սա ինչ-որ դրական արդյունքի բերի: Վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ հետո նորից այս արարքը ապաքրեականացվելու է:
 
Մենք հիմա էլ ենք տեսնում, որ վարչապետի «լայվերի» տակ հայհոյանքի ու վիրավորանքից  պակաս չկա: Այս փոփոխությունն ինչ-որ փոփոխություն կբերի՞:
 
Բանն այն է, որ այն մարդիկ, որոնք ֆեյքերով են հանդես գալիս, իրենք կարող են անսահմանափակ արտահայտվել ու անպատիժ մնալ: Այս իշխանությունները ձգտում են ստեղծել մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ունենալ «ֆեյք» պրոֆիլ և այդ պրոֆիլից գործողություններ իրականացնել: Նրանց պատժելու որևէ հնարավորություն չկա: Մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունը սահմանափակվում է, և ես չեմ կարծում, որ դրա մեջ դրական ինչ-որ բան կարող է լինել: Գործող իշխանությունները ժամանակ առ ժամանակ բերում են քաղաքակիրթ աշխարհի օրինակը, և այդ համատեքստում ես ուզում եմ հիշեցնել, թե որքան ազատ է այդ առումով, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ ցանկացած տեսակետ, անգամ վիրավորական տեսակետ կարող է հնչել գործող նախագահների, պաշտոնյաների հասցեին: Դրա համար կա հատուկ ընթացակարգ քաղաքացիական դատավարության շրջանակներում բողոքարկելու, դատարան դիմելու: Երբ մեր գործող իշխանությունները խորհուրդ էին տալիս իրենց հետ անհամաձայնության պարագայում դիմել դատարան, իրենք ազնիվ չեն ժողովրդի հետ, որովհետև իրենք ընտրեցին իրենց համար ամենահեշտ ճանապարհը՝ իրենց բացթողումները չքննարկելու, դրանք արգելելու տարբերակը: Իհարկե, կարող են ասել, որ խոսքը ոչ թե քննարկելու, այլ հայհոյանքի մասին է, բայց դա էլ արտահայտվելու ձև է:
 
Որքանո՞վ էր ճիշտ 3 մլն դրամի տուգանք դնել քաղաքացու ուսերին: Արդյոք համարժեք է պատիժը:
 
Իրենք իրենց նկատմամբ հայհոյանքը այդպես են գնահատել: Կարող էին ավելի թանկ գնահատել, մինչև գնդակահարություն: Հարգանքը չեն վաստակում պարտադրանքով, ուժով, մարդու իրավունքը սահմանափակելով չի, որ հարգանք են վայելում: Մենք անհրաժեշտություն ունենք հարգալից, քաղաքակիրթ բանավեճի դաշտ բերել մարդկանց: Ինձ համար ընդունելի չէ հայհոյանքի ոճը, օրինակ իմ ֆեյսբուքյան էջում չի կարող լինել հայհոյանք, կարող է լինել սուր քննադատություն, և եթե լինում է հայհոյանք կամ վիրավորանք, ես ուղղակի բլոկ եմ անում այդպիսի մարդկանց: Իշխանությունը ենթադրում է, որ քեզ պետք է նաև քննադատեն, շատ խիստ քննադատեն, անգամ վիրավորական կարող է լինել: Բայց, կներեք, մենք իջել ենք մի շատ ցածր մակարդակի, որտեղ իրական մարդկանց փորձում ենք շրջանակների մեջ դնել: Ինչքան այդ էներգիան կուտակվեց, այնքան ավելի վտանգավոր կլինի դրա պարպումը, ոչ մի լավ բանի դա չի կարող բերել: Կարող էին իշխանությունները հայհոյանքի կամ վիրավորանքի դեպքում դիմել դատարան և եթե համարում են, որ դատարանները բարեփոխել են, թող դիմեին ու վերականգնեին իրենց խախտված իրավունքները: Բայց քանի որ վստահ են, որ ոչ մի բան էլ չի բարեփոխվել, հետևաբար գնացին ամենակարճ ճանապարհով՝ քրեական գործեր հարուցելու ճանապարհով: Կրկնում եմ, սա նորից ապաքրեականացվելու է:
 
Խոսքի ազատության սահմանափակման տեսակետից իսկապե՞ս այս իշխանությունը խնդիրներ է ստեղծում, որովհետև իրենք միշտ նշում են, որ երբեք Հայաստանում խոսքի ազատությունն այսքան մեծ չի եղել, որքան հիմա:
 
Այո, սա նաև խոսքի ազատության սահմանափակում է: Չընդունելով հայհոյանքը որպես արտահայտվելու ձև, այո, սա խոսքի ազատության սահմանափակում է: Խոսքի ազատությունը ժողովրդավարության կարևոր արժեքներից մեկն է: Այս իշխանությունները գնում են այլ ճանապարհով, դիկտատորական նշույլները, ցավոք սրտի, իրենց մեջ արդեն երևում են: Մենք հիշում ենք խորհրդային տարիները, որտեղ դու անգամ չէիր կարող անեկդոտ պատմել, որովհետև դա կարող էր որպես վիրավորանք ընկալվել: Մենք հիմա կարծես փորձում ենք գնալ այդ ճանապարհով, որի փորձը ունեցել ենք: Թե որքան կխորացնեն իրավիճակը իշխանությունները, ժամանակը ցույց կտա: Ես հույս չեմ դնում իրենց ողջամտության վրա, իմ հույսը միայն մեր համբերության վրա է, թե որքան այս վիճակը կհանդուրժենք:
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media