Նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով

21-10-2021 11:55:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. Նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Այս օրերին ընթանում է մեր ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը, իմ կարծիքով, շրջադարձային նշանակություն պիտի ունենա ՀՀ հետագա զարգացման գործում։ Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է։ Այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ։ Եվ այս վերահաստատման արդյունքում նրանք աշխատավարձերը՝ կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով։
 
Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է։ Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ։ Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողենք կամավոր ատեստավորան պատուհանը, ընդ որում, առարկաների ցանկը կընդլայնենք։ Այսինքն՝ բոլոր առարկաներով մենք կամավոր ատեստավորում կիրականացնենք։ Եվ մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն։ Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան։ Բայց մենք պլանավորում ենք նաև հաջորդ փուլը, որով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ Այսինքն՝ այն ուսուցիչները, ովքեր կարողացել են իրենց աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40 և 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը։ Եվ այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր»,- ասաց նա։
 
Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացը կտևի մոտ 3-4 տարի։ Եվ արդյունքում կարձանագրվի հետևյալը, որ ՀՀ իքս թվով ուսուցիչներ անցել են ատեստավորման գործընթացը։ Եվ եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, երբեմն նույնիսկ 125 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից։
 
«Եվ այս իրավիճակի արդյունքում մենք Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորւմ, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,- նշեց Փաշինյանը։
 
Ըստ նրա՝ գործընթացի արդյունքում պետք է ապահովվի, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները նաև կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին։ Նա հիշեցրեց, որ լայնածավալ ծրագիր է մեկնարկում հանրապետությունում 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման։ Նաև զուգահեռ ծրագիր է մեկնարկում, որի նպատակը առաջիկա հինգ տարիների ընթացքում հանրապետության դպրոցները կահավորելն է ժամանակակից լաբորատորիաներով։
 
«Եվ եթե այս ամենը դիտում ենք շղթայի մեջ, մենք տեսնում ենք, որ կառավարության տեսլականը հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասն արդեն իսկ թափ է հավաքում։ Եվ հույս ունեմ, որ 2022 թվականին այդ իրագործման տեմպերն ավելի կմեծանան։ Այսօր էլ հանրապետությունում մի քանի տասնյակ դպրոցներ են հիմնանորոգվում և վերակառուցվում։ Լրիվ նույն գործընթացը մենք պատրաստվում ենք անել նախակրթական ոլորտում՝ ուսուցիչ-դաստիարակների վերապատրաստում, ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքների հաստատում»,- նշեց նա։
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media