Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև

21-10-2021 14:30:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Իրավաբան.net. Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի հետ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:
 
Համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը` երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։ Համաձայնագրի նպատակն է յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով:
 
Հավանություն է տրվել 2021 թ. սեպտեմբերի 16-ին ստորագրված «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
 
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը կնպաստի COVID-19-ի բռնկման ռազմավարական պատրաստվածության և հակազդման գործընթացին, առողջապահական համակարգի, մասնավորապես՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացմանը՝ հիմնական բժշկական սարքավորումների, պարագաների և ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցների, բուժաշխատողների պաշտպանվածության կազմակերպման, հասարակության իրազեկման, վիրուսով պացիենտների տրիաժի և կառավարման, վարակի հսկողության ուղեցույցների վերաբերյալ բուժաշխատողների վերապատրաստման միջոցով:
 
Կապված COVID-19 գլոբալ համաճարակի հետ՝ ծրագրի նպատակն է բժշկական ծառայությունների տրամադրման շարունակականության, ինչպես նաև հիվանդության տարածման սպառնալիքին արագ հակադարձելու կարողության ապահովումը` (կորոնավիրուսով հիվանդների ժամանակին թեստավորում և բուժում), հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հնարավոր ալիքային ընթացքը և սեզոնային սրացումները: Ծրագրով նախատեսված 3 բաղադրիչների շրջանակում նախատեսվում են մի շարք աշխատանքները. վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում, մասնավորապես՝ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում:
 
Նախատեսվում է նաև վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման համակարգի հզորացում, մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզում ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում. Վանաձորում ինֆեկցիոն ծառայությունների համար նախատեսված շենքային պայմանների բարելավում՝ նոր մասնաշենքի կառուցում՝ 30 մահճակալի համար, ընդլայնվելու հնարավորությամբ, Վանաձորի ինֆեկցիոն ծառայության վերազինում, այդ թվում հատուկ բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերում լաբորատորիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության համար, COVID-19-ով հիվանդների վարման վերաբերյալ բժշկական անձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպում (առաջարկվում է ԱՀԿ-ի ընթացակարգերով): Բացի այդ աշխատանքներ կտարվեն հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված, մասնավորապես՝ հանրային իրազեկման ռազմավարության մշակում, տեղեկատվական բազմազան հարթակների օգտագործում հանրային իրազեկման նպատակով։ Ծրագրի իրականացման նպատակով որպես դրամաշնորհ առաջարկվում է հատկացնել 3 մլն ԱՄՆ դոլար գումար։
 
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ տասնմեկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագիրը կնքվել է 2013թ. սեպտեմբերի 28-ին, որի հիմնական նպատակն է՝ օգնել ՀՀ-ին արագ անցում կատարել դեպի կառավարման ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական ձևին: Համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմից հատկացվում են ֆինանսական միջոցներ՝ աջակցելու ՀՀ կառավարության բարեփոխումներին այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են ընտրությունների վարչարարությունը և քաղաքական կուսակցությունները, օրենսդրության ամրապնդումը, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների կարողությունների զարգացումը: Մինչ այսօր նշված համաձայնագրում կատարվել է 10 փոփոխություն` յուրաքանչյուր փոփոխությամբ նախատեսելով լրացուցիչ ֆինանսական հատկացում և/կամ նոր ծրագրային ոլորտ:
 
11-րդ փոփոխությամբ նախատեսվում է համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրերի համար ավելացնել 1,858,470.56 ԱՄՆ դոլար՝ դարձնելով ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը 66,198,913.56 ԱՄՆ դոլար: Oժանդակության ծրագրերով նախատեսվում է աջակցել խոցելի բնակչությանը և մեղմել 2020 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները: Այս փոփոխությամբ ֆինանսավորում է տրամադրվում հակամարտությունից անմիջականորեն տուժած կանանց և աղջիկներին սոցիալական ծառայությունների մատուցման համար, ներառյալ ԼՂ-ից տեղահանվածներին և հակամարտության հետևանքով զոհված, վիրավոր կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին: Լրացուցիչ ֆինանսավորման 1,358,470.56 ԱՄՆ դոլարը կուղղվի Հակամարտության մեղմում և կայունացում ծրագրային ոլորտին, իսկ 500 000 ԱՄՆ դոլարը՝ Իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների ծրագրային ոլորտին՝ աջակցելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններին:
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media