Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

21-10-2021 16:43:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում:
 
Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:
 
Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. Հոկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media