Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

21-10-2021 17:48:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
 
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը: 
 
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ ողջույնները և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ: 
 
ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ: Քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները:
 
Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակալիությունը: 
 
Տոյվո Կլաարն ընդգծել է՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին, որը կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը: 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media