Արցախյան պատերազմ 2020. հետազոտության արդյունքները հասանելի կլինեն կառավարությունների, պետական համակարգի, միջազգային կազմակերպությունների և իրավական կառույցների համար

22-10-2021 09:52:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
հոկտեմբերի  21-ին տեղի ունեցավ «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը։ 2020 թվականի Արցախյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում (2021 թվականի փետրվար-հունիս),  իրականացված հետազոտությունը ներառում է Արցախում և Հայաստանում բնակվող, պատերազմից տուժած շուրջ  83,286 անձի մասին տվյալներ, որոնք հավաքվել են ավելի քան 20,000 հարցազրույցների արդյունքում։
 
Նպատակն էր պարզել՝ 
 
պատերազմից տուժած արցախցի ընտանիքների ժողովրդագրական պատկերը և սոցիալ-տնտեսական կարիքները, 
պատերազմի պատճառած կորստի ծավալն ու տեսակները, 
պատերազմական և հետպատերազմյան իրողությունների համատեքստում դրսևորվող տագնապներն ու դրանց տարածվածությունը, 
ապագայի պլանավորման համատեքստում արցախցիների մտադրությունները։
Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Արցախի կառավարության և Աշխատանքի, միգրացիայի ու սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և իրականություն է դարձել «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի, «Ավրորա մարդասիրական» կազմակերպության և ACTED միջազգային կազմակերպության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։
 
«Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունն կատարվել է հետևյալ չորս բաղադրիչների համադրմամբ՝
 
1. Առաջնային կարիքներ և առկա ռեսուրսներ
2. Մարդկային կապիտալ և կորուստներ
3. Ապագայի պլաններ և մտադրություններ
4. Տագնապայնություն և անվտանգություն
 
«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ա¬մերի¬կաբ¬նակ հայ գրող, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի անդամ, հետազոտության նախաձեռնող Աննա Թերքոտ-Աստվածատրյան-ը նշեց, որ այս հսկայական ծավալով աշխատանքը, ի վերջո, կհամարի արդյունավետ, եթե այն թիրախային ձևով օգտագործվի հօգուտ Արցախի և արցախցիների կարիքների բարելավմանն ու խնդիրների լուծմանը. 
 
«Ես արդեն տասը տարի է՝ զբաղվում եմ շահերի պաշտպանությամբ, և լավ գիտեմ, որ Ադրբեջանը ցանկացած տվյալ փորձում է օգտագործել հօգուտ իրեն, ուստի մենք էլ այս մեծածավալ ու բազմակողմանի վերլուծված տվյալները կարող ենք օգտագործել տարբեր հարթակներում։ Հետազոտությունը նախագծի առաջին փուլն էր, երկրորդ փուլում արդեն նախատեսում ենք տարբեր ձևաչափով հանդիպումներ ու քննարկումներ՝ արդյունքները գործնականում կիրառելու և ռազմավարական ծրագրեր մշակելու համար»,- նշեց Աննա Աստվածատրյանը։
 
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոց․տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանը հավելեց, որ հետազոտության արդյունքները հասանելի են լինելու կառավարությունների, իրավական կառույցների և միջազգային  օգնող կազմակերպությունների համար.
 
«Սա ամենատարբեր տվյալներով՝ խոցելիության, կարիքների, կրթության, մարդկային կապիտալի, զբաղվածության, մասնագիտական հմտությունների և այլնի վերաբերյալ մեծ բազա է, որով կարելի է իրականացնել մի շարք հասցեական ու արդյունավետ նախագծեր։ Օրինակ, ըստ այս տվյալների՝ բնակարանաշինական, կրթական, զբաղվածության ու այլ ծրագրեր մշակելիս հեղինակները կարող են առաջնորդվել արցախցիների առաջնային կարիքներով, մասնագիտական ու աշխատանքային հմտություններով, հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպությունները կարող են վերանայել օգնության տեսակները ծավալները և այլն։ Նշանակալի է նաև հետազոտության արդյունքների կարևորությունն, այն տեսանկյունից, որ սա հիմք է միջազգային տարբեր ատյաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին բարձրաձայնելու և բանակցային գործընթացներում կիրառելու համար»։ 
 
Հետազոտության արդյունքների ներկայացումից հետո ծավալվեց քննարկում՝ հարց-պատասխան ձևաչափով։ Հետազոտության նախաձեռնողներից, սոց.գիտ.թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը նշեց. 
 
«Հետազոտության արդյունքում հավաքագրվել է տվյալների հսկայական շտեմարան, և վերլուծության տարբեր մեթոդների, օրինակ՝ խաչաձև աղյուսակաների միջոցով կարելի է ստանալ ավելի կոնկրետ տվյալներ, դրանք նպատակային օգտագործելով մշակել ռազմավարական ծրագրեր ու նախագծեր»։ 
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խորհրդական Ինգա Հարությունյանը նշեց, 
 
«Իսկապես մեծ աշխատանք է տարվել, ինչի համար շնորհակալ եմ։ Տարբեր, խոսուն տվյալներ կան, և այս արդյունքները կիրառական կդարձնենք մեր ծրագրերն ու նախաձեռնություններն ավելի թիրախավորված ու օգտակար դարձնելու համար»։ 
«Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության տվյալները նաև թույլ կտան 
 
փաստաթղթավորել 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով տեղահանված բնակչության հոգեբանական և ֆիզիկական վնասները։ 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media