Պուտինը վերահաստատեց վերջնագիրը Հայաստանին

22-10-2021 10:48:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Lragir.am. Վալդայ ակումբում իր ելույթում ՌԴ նախագահ Պուտինը կրկին խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» անվանումից ու Արցախի խնդրի հիշատակումից եւ խոսել խորհրդային քարտեզների հիման վրա ՀՀ եւ Բաքվի սահմանազատման ու փոխադարձ ճանաչման մասին, եռակողմ հայտարարությունը ներկայացնելով որպես կարգավորում
 
Պուտինը Վալդայում կրկնել է հուլիսի 20-ին Ալիեւի հետ հանդիպմանն իր հայտարարությունները։ Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Պուտինն իր աջակցությունն էր հայտնել Արցախը հարակից շրջաններով տարալուծելու Բաքվի ծրագրերին, խուսափելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումից, որը ենթադրում է քաղաքական որոշակի կարգավիճակ։ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծվածության եւ կարգավիճակի բացառման ՌԴ դիրքորոշումը այլ բան չէր էլ ենթադրում։ Դրանից հետո Ալիեւը միջազգային հանրությունից պահանջեց չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ Լեռնային Ղարաբաղ արդեն չկա, կա Ղարաբաղ՝ տնտեսական գոտիավորման եւ դրա հիման վրա՝ ներքիան վարչական վերակազմավորման արդյունքում։
 
«Դեռևս կան կարևոր ասպեկտներ, և մասնավորապես, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար, այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ», ասել է Պուտինը:
 
Խոսելով սահմանազատման մասին, Պուտինն ասել է․ «Հիմա ամենակարևորը սահմանին տիրող իրավիճակի կարգավորումն է, և այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մենք ուրիշի կարիք չունենք, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Ինչո՞ւ, որովհետև այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան, այո, որովհետև ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Այնտեղ կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում՝ ինչ որ տեղ պետք է ուղղել, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակել (նկատի ունի տարածքները․ խմբ): Միայն այն բանի համար, որ դա ճանաչվի, պարզ է, որ դա ձեռնտու է երկու կողմերին»։
 
Եռակողմ հայտարարության հիման վրա «երկարաժամկետ կարգավորման» եւ սահմանազատման հարցում փոխզիջումների վերաբերյալ Պուտինի հայտարարությունները վկայում են ԼՂՀ-ից հետո Հայաստանի սահմանների տարալուծման մտադրությունների մասին, առաջնորդելով Բաքվի զինված ներխուժումները ՀՀ տարածք։ Նկատենք, որ Ալիեւը եւ Փաշինյանը Հայաստանին պարտադրվող սահմանազատումը բացատրում են հենց ԽՍՀՄ վարչական քարտեզներով, որոնք գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում։ Թե քարտեզի որ «վարկածները» կկիրառեն ռուսները՝ դժվար չէ ենթադրել։
 
Այս ամենը վկայում է Ռուսաստանի աշխարհքաղաքական լիակատար տապալումը Կովկասում եւ Հայաստանում։ Ինչ որ փուլում Մինսկի խմբի ներգրավման մասին Պուտինի շաղակրատանքն ընդամենը հաստատում է այս հանգամանքը։
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media