Իրանի դեմ Ալիևի անզիջում հռետորաբանության «ոգեշնչման աղբյուրը» մեծ եղբայրն է՝ Էրդողանը

22-10-2021 21:15:25   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է
 
«Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի կողմից Իրան-Ադրբեջան լարվածությանն անդրադարձը բացահայտում է հակաիրանական «խաղում» թուրք-ադրբեջանական միասնական դիրքավորումը՝ ի ցույց դնելով տանդեմի հիմնական խաղաքարտերը։ 
 
Էրդողանը մասնավորապես նշել էր. «Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող վեր կենալ և Ադրբեջանին թիրախավորող գործելաոճ դրսևորել, որովհետև այսօր ադրբեջանցիների թիվն Իրանում ակնհայտ է: Սա, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս: Կատարվածը սխալ է: Կարծում եմ՝ Իրանը և նոր իշխանությունն այս սխալը չեն շարունակի»:
 
Արդենիսկ անհերքելի է՝ 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնային խնդիրներից է ոչ միայն  տարածաշրջանում Իրանի կողմից սեփական դիրքերի վերականգնմանը միտված քաղաքականության հնարավորինս խոչընդոտումը, այլ նաև հենց Ադրբեջանի տարածքում իրանական ազդեցության առավելագույնս չեզոքացումը։
 
Որպես նշվածի վառ ապացույց՝ կարելի է նշել Բաքու-Թեհրան լարվածության ֆոնին Ադրբեջանում Իրանին հարող շիայական և տեղաբնիկ էթնիկ խմբերի տարաբնույթ շրջանակների դեմ թիրախային պայքարը։ Խոչընդոտվում է նրանց ներկայացուցիչների գործունեությունը, իրականացվում են ձերբակալություններ լրտեսական ցանցի ստեղծման, պետական դավաճանության և անջատողականության հրահրման շինծու մեղադրանքներով։ 
 
Իսկ տարածաշրջանում Թեհրանի դիրքերի թիրախավորման հստակ օրինակներ են Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարների տեղաշարժի սահմանափակումները, Արցախի օկուպացված շրջաններում ընթացող շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության բացառումը, Ադրբեջան-Իրան սահմանին Իսրայելի գործունեության ընդլայնման իրողությունը, ահաբեկչական տարրերի ներկայության հնարավորությունը(ըստ իրանական կողմի) և այլն»։
 
 
 


Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media