ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

27-11-2021 20:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
 
«Օմրիկոն» շտամով պայամանվորված դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
 
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
 
Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել  ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
 
Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ` այդ թվում սահմանել մուտքի արգելք Աֆրիկյան մի շարք երկրներից։
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media