ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ



03-12-2021 12:56:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ։
 
Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։
 
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
 
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։
 
Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և սատարման, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից հարցի բարձրացման համար։
 
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media