Պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները

03-12-2021 17:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում  պարզվել են 27-ամյա երիտասարդին առևանգելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 
 
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի 36-ամյա բնակիչը, տեղեկանալով իր ընկերոջ հասցեին  27-ամյա երիտասարդի ինստագրամյան էջից կատարված վիրավորական գրառումների մասին, պատժելու նպատակով նրան առևանգելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել վերջինիս գործընկերոջ և մի խումբ անձանց հետ:  Պայմանավորվածության համաձայն՝ 27-ամյա երիտասարդի գործընկերը, չարաշահելով նրա հետ ունեցած փոխհարաբերություններից ձևավորված վստահությունը, իրականությունը դիտա¬վորությամբ խեղաթյուրելով, վերջինիս կողմից իր մարմնի վրա դաջվածք կատարելու պատրվակով, 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:09-ին, նրան հրավիրել է իր տանը կից աշխատասրահ:
 
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, երիտասարդն այցելել է նշված վայր, որտեղ 36-ամյա տղամարդն իր ընկերոջ և մի խումբ անձանց հետ, շուրջ 1 ժամ 27-ամյա երիտասարդին ապօրինի զրկելով ազատությունից, ծեծի են ենթարկել վերջինիս՝ պահանջելով հայտնել նրա ինստագրամյան էջից վիրավորական գրառում¬ներ կատարած անձի տվյալները:
Ստանալով բացասական պատաս¬խան՝ նրանք շարունակել են հանցավոր գործողությունները և դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով երիտասարդին նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտո-մեքենա և նրա կամքին հակառակ տեղափոխել մեկ այլ շինություն, որտեղ շուրջ մեկ և կես ժամ շարունակել են ապօրինի զրկել ազատությունից և ծեծի ենթարկել նրան: Այնուհետև՝ Ժամը 01:25-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդն ազատ է արձակվել իր ընկերոջ միջամտությամբ՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: 
 
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
                                                                               
 
 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից





Բոլոր երկրները |



Developed by IT Media